Մհեր Արշակյանը հարցնում է` իշխանությանը պատերա՞զմ է պետք, թե՞ պատերազմի ուրվական:
Երկրապահները սոցապ նախարարի հետ հուշագիր են ստորագրել։ Խնդիրը պարզ է՝ ազատամարտիկներին պետք է լավ նայել։ Սա հասկացանք։ Իսկը ժամանակն է կարծես։ Դեռ նոր են ադրբեջանցիները հռթիռակոծել մեր ուղղաթիռը: Պետությունն ուզում է մտնել պատերազմի մեջ, ապագա կռվողներին արագորեն տեղյակ է պահում՝ պատերազմից հետո ես ձեզ լավ եմ նայելու, էն հուշագիրը վկա։ Բայց արդյո՞ք իշխանությունն ազատամարտիկների կարիքն ունի հնարավոր պատերազմի համար: Հատկապես որ հարց է՝ իշխանությանը պատերա՞զմ է պետք, թե՞ պատերազմի ուրվական:
Նախ, ինչպե՞ս է պետական կառույցը հասարակական կազմակերպության հետ ստորագրում հուշագիր, որը, կներեք, ներդրումների մասին չէ։ Այս հուշագրում խոսքը, ըստ էության, պետությանն իր պարտականությունները հիշեցնելու մասին է։ Հանրապետականը չգիտի, թե ինչպես իրենով անի բոլոր ազատամարտիկներին, ձևը գտել է՝ խոստանում է նրանց լավ նայել, բայց ԵԿՄ-ի «ծիրին մեջ»։ Այսինքն, մտեք ԵԿՄ և եկեք ինձանից ձեր փայն ուզեք։ Պա՞րզ է։ Պետությունը «բիզնես հարաբերությունների» մեջ է մտնում այն ազատամարտիկների հետ, որոնք կարող են վերահսկողությունից դուրս գալ։
Նորմալ է, որ ԵԿՄ-ն ուզում է տղաների սոցիալական դրությունը բարելավել։ Բայց, կներեք, մի քանի ամիս առաջ ԱԺ-ում «Երկրապահի մասին» օրենք էիք դրել քննարկման, Մանվել Գրիգորյանն անձամբ ներկայացրեց այդ օրենքը։ Հուշագիրն ի՞նչ է՝ այդ օրենքի հռչակագի՞րը։ Բայց եթե այս հուշագիրը, այնուամենայնիվ, ստորագրվել է, ինչու՞ է Վալոդյա Ավետիսյանը բանտում։ Այս հուշագիրը ծաղր է այդ մարդու հասցեին։ Հուշագիր եք ստորագրում, որպեսզի ազատամարտիկները փողոց դուրս չգա՞ն։ Երկրորդ, իր տեսակի մեջ այս հուշագիրը նոր կոմկուս կամ նոր հանրապետական ստեղծելու հայտ է ազատամարտիկների մեջ։ Այսինքն, սոցիալական ծրագրերում ներգրավելու համար պետք է մտնեք ԵԿՄ։ Ով չմտավ, նրա կռվածը հաշիվ չի։ Երրորդ, զգու՞մ եք, որ մեզ կամաց-կամաց մոտեցնում եք դարձյալ «ազգային համախմբման» դաշտ։ Դուք ակնարկում եք, որ, ժողովուրդ, թուրքերն ուղղաթիռ են խփել, խուճապի մատնվեք, մինչև բոլորիդ կարողանանք համախմբել մեկ դրոշի տակ։ Ամբողջ երկիրը, այլ խոսքով, ուզում եք դարձնել խրամատ։ Խրամատը, հայտնի բան է, հակաքաղաքացիական տարածք է, իրենք ուզում են ամբողջ Հայաստանը դարձնել հակաքաղաքացիական տարածք: Նրանց քաղաքացիներ պետք չեն, այլ սվինններ:
Ուղիղ երկու ամիս առաջ կրթության և գիտության նախարարությունն էր նույն ԵԿՄ-ի հետ հուշագիր ստորագրել դպրոցներում հայրենասիրական ակումբներ բացելու համար։ Այսինքն, դպրոցները դարձրել էր խրամատ: Իշխանությունը ցույց է տալիս, որ կրթական օջախներում վաղ թե ուշ մաթեմատիկան և գրականությունը լինելու են օժանդակ առարկա: Որովհետև հայրենասիրական ակումբը նրա օճառային սերիալն է, անընդհատ պրիմիտիվ սյուժե` անընդհատ պրիմիտիվ տեքստով: Հիմա, երբ այս ամենին խառնվում է նաև սոցիալական ապահովության նախարարությունը, մենք տեսնում ենք, որ գործի է դրվում նույն օճառային սերիալի զուգահեռ սյուժեն: Այսինքն, լավ ապրելու համար պետք է լինեք «տեքստի մեջ»:
Այս ամենն ի՞նչ է նշանակում: Հայտնի է, որ իշխանությունը մտադիր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Որովհետև հենց հարցը լուծվեց, նրանց սպասում է «դասականի» ասած «գրողի ծոցը»: Հետևաբար, նրանց ի՞նչ է պետք: Նրանց պետք է արտակարգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակն առանց հայրենասիրական կարգախոսների չի լինում: Դրանք ենթադրում են միմյանց: Դրանք ապրում են միմյանցով: Դրանք միմյանց թթվածինն են: Որովհետև եթե արտակարգ իրավիճակ չկա, նախագահը խոցելի է որպես սովորական սխալական մարդ, վարչապետը խոցելի է որպես սովորական սխալական մարդ, պաշտպանության և այլ նախարարները խոցելի են: Արտակարգ իրավիճակը նույն զորահավաքն է: Այն ենթադրում է արտակարգ իրավիճակին բնորոշ կրթություն, երեխաները մեծանում են արտակարգ իրավիճակի «խաղալիքներով», լրատվականները կերցնում են արտակարգ իրավիճակի լավատեսությունը, քաղաքական իրադարձությունները գնահատվում են արտակարգ իրավիճակի քիմքով: Եթե մեկը համարձակվի իր բերանը զերծ պահել արտակարգ իրավիճակի համից, կդառնա թշնամու ջրաղացի ջուր: Արտակարգ իրավիճակը իշխանության անձեռնմխելիության այլընտրանքային ինստիտուտն է՝ եթե քթներիս տակ Ադրբեջանն է, Սերժ Սարգսյանին քննադատողներին կպատասխանենք մարտի 1-ով, ազատ ընտրություններ պահանջողներին կպատասխանենք սահմանադրական փոփոխություններով:
Պարզ երևում է, որ իշխանությունն ինքն է խուճապի մեջ: Այսինքն, հասկանում է, որ ժամանակ չկա: Հասկանում է, և բացառված չէ, որ այս կոնտեքստում պետք է նայել նաև ուղղաթիռի հետ պատահածին: Ուրիշ ինչպե՞ս այս մարդիկ մեզանից մուրան, այսպես կոչված, համազգային համախմբումը: Հենց պատերազմի ուրվականով վախեցնելով: Իսկ Վալոդյա Ավետիսյանը թող փտի բանտում, նա արդեն քաղաքացի է: