Պուտինը լքել է G20-ի գագաթաժողովը՝ «փոքր-ինչ քնելու» նպատակով

Putin_leaves_g20 Բրիսբենը լքելու իր որոշումը Պուտինը բացատրել է հագեցած գրաֆիկով և փոքր-ինչ քնելու անհրաժեշտությամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ լքել է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ընթացող Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովը, հաղորդում է BBC-ն: Թռիչքից առաջ նա հայտարարել է, որ գագաթաժողովն անցկացվել է «բարեկամական և գործնական» մթնոլորտում:

Ռուսաստանի ղեկավարը գագաթաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիս է հրավիրել նոյեմբերի 16-ի առավոտյան, երբ G20 գագաթաժողովի մյուս մասնակիցները հավաքվել էին աշխատանքային նախաճաշի շուրջ:

Եզրափակիչ հուշագրի հրապարակումից առաջ Բրիսբենը լքելու իր որոշումը Պուտինը բացատրել է հագեցած գրաֆիկով և փոքր-ինչ քնելու անհրաժեշտությամբ:

«Որպեսզի ենթադրություններ չլինեն, թե ինչու ես չեմ գնացել նախաճաշի, այստեղ մնացել է ֆինանսների նախարարը [Անտոն Սիլուանով], և նա կհայտնի այն, ինչ ես պատմել եմ Էբոլայի դեմ պայքարի ուղղությամբ մեր ջանքերի մասին»,- ասել է Պուտինը:

«Մենք այստեղից մինչև Վլադիվոստոկ ինը ժամ պետք է թռչենք և Վլադիվոստոկից մինչև Մոսկվա` ևս ինը ժամ: Դեռ պետք է տուն հասնել և երկուշաբթի օրը աշխատանքի գնալ: Գոնե չորս-հինգ ժամ պետք է քնել»,- լրագրողներին ասել է Պուտինը:

G20-ի գագաթաժողովին Ռուսաստանի նախագահը արժանանում է արևմտյան առաջնորդների քննադատությանը՝ կապված ուկրաինական ճգնաժամում Մոսկվայի դերի հետ:

Մասնավորապես՝ նոյեմբերի 15-ին Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ուկրաինայում ռուսական քաղաքականության գլխավոր քննադատներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ: BBC-ին տված հարցազրույցում Քեմերոնն ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և այդ երկրի՝ իր ապագան ընտրելու իրավունքը»:

Այդուհանդերձ, մամուլի ասուլիսին Պուտինն ասել է, որ պաշտոնական քննարկումներին Ուկրաինայի հարցը չի բարձրացվել, այլ քննարկվել է միայն երկկողմ հանդիպումներին, որոնց ընթացքում «կողմերին հաջողվել է հասկանալ միմյանց»:

Մեծ քսանյակի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարները կրկին կոչ են արել Ռուսաստանին «դադարեցնել Ուկրաինայի արևելքում իրավիճակի անկայունացումը»:

Նոյեմբերի 16-ին Բրիսբենում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը ԵՄ անդամ երկրների առաջնորդների հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայում։

Մեկնաբանել