Ստատուս-քվոն ընդունել որպես ճշմարտություն

Հենց նման միջադեպերն են, որ ավելի են ամրապնդում հայկական կողմի այն պնդումները, որ Ադրբեջանին ոչինչ չպետք է զիջել, և այսօրվա ստատուս-քվոն պետք է ընդունել որպես ճշմարտություն, կայացած և անշրջելի իրականություն: Հենց նման միջադեպերն են, որ ավելի են ամրապնդում հայկական կողմի այն պնդումները, որ Ադրբեջանին ոչինչ չպետք է զիջել, և այսօրվա ստատուս-քվոն պետք է ընդունել որպես ճշմարտություն, կայացած և անշրջելի իրականություն:

Երբ Տավուշի մարզի Չինարի կամ Այգեպար գյուղերում մարդիկ քայլում են այն փողոցներով, որոնք ադրբեջանական դիպուկահարների տեսադաշտում են, հակառակորդը կրակ է բացում: Այսպես, անցնող 25 տարիներին տասնյակ անզեն քաղաքացիներ են սպանվել կամ վիրավորվել: Երբ Դովեղ կամ Մովսես գյուղերում հովիվները կամ հնձվորները չափից շատ են մոտենում սահմանին, հակառակորդը կրակ է բացում: Այս և սահմանամերձ մյուս գյուղերում տասնյակ անզեն մարդիկ են սպանվել ու վիրավորվել հակառակորդի կրակոցներից կամ գերվել` կտտանքների ենթարկվելով կամ սպանվելով, ինչպես եղավ բոլորովին վերջերիս Չինարիի երիտասարդ, անզեն Կարեն Պետրոսյանի հետ: Որևէ մեկը հարց չի տալիս, թե ինչու են սահմանամերձ գյուղերի անզեն բնակիչների վրա դիմացից՝ Ադրբեջանից կրակում: Շատ պարզ պատճառով՝ որովհետև արդեն 25 տարի հայերն ու ադրբեջանցիները պատերազմի մեջ են, ու այդ պատերազմը չի ավարտվել:

Նույն կերպ, անիմաստ է հարց տալ, թե ինչու ադրբեջանցիները կրակ բացեցին և խոցեցին Արցախ-Ադրբեջան շփման գծից ոչ հեռու թռչող արցախյան ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվեցին անձնակազմի երեք հայ սպաները: Շատ հայեր հռետորական հարց են տալիս՝ բայց չէ՞ որ արցախյան ուղղաթիռը զինված չէր, չէ՞ որ չէր գրոհում ադրբեջանական դիրքերը: Իսկ ո՞վ է ասում, որ Չինարիում, Այգեպարում կամ սահմանամերձ մյուս գյուղերում ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից սպանված հայերը զինված են կամ գրոհում են Ադրբեջանի վրա:

Ադրբեջանցիները կրակ են բացում, քանի որ պատերազմը չի ավարտվել, քանի որ նրանք պատերազմում պարտվել են, քանի որ նրանք պարտվել են հոգեբանորեն, և յուրաքանչյուր հայի սպանություն, լինի այդ հայը օդաչու, քնած սպա, դպրոցից տուն գնացող դպրոցական կամ հովիվ, հոգեկան բավարարություն է պատճառում Ադրբեջանի ղեկավարությանը:

Այնուամենայնիվ, ուղղաթիռ խոցելու դեպքը աննախադեպ է 1994-ի մայիսյան հրադադարից ի վեր, և պետք է, այնուամենայնիվ, հարց տալ, թե ինչու ադրբեջանցիները գնացին նման սադրիչ քայլի: Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց հետո, սա, անկասկած, Ադրբեջանի ամենից սադրիչ քայլն էր, որին հայկական կողմը խոստացել է ցավալի հակահարված տալ:

Ադրբեջանը հարմար առիթ էր փնտրում՝ վրեժ լուծելու օգոստոսյան դեպքերի համար: Այս տարվա ամռանը Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը լարվել էր: Մի քանի օր շարունակված փոխհրաձգությունը, դիվերսիոն ներթափանցումները վտանգ էին պարունակում վերաճելու պատերազմի: Սակայն հայկական կողմը զսպիչ և ցավալի հարված հասցրեց հակառակորդին՝ ստիպելով նրան համակերպվել ներկա ստատուս-քվոյի հետ: Ավելին, ադրբեջանական կողմը տվեց մի քանի տասնյակ զոհ, Հայաստանին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի բնակիչները տարհանվեցին, քանի որ հայկական կողմը պատասխան կրակ էր թափում: Հենց այդ օրերին փլուզվեց ադրբեջանական հզոր բանակի մասին առասպելը, որ տարիներ ի վեր հյուսել էին Բաքվի իշխանությունները: Ադրբեջանը այս վերջին պարտությունից հետո իրեն ինչ-որ իմաստով ստորացված ու խոցված էր զգում:

Օգոստոսյան լարվածությունից հետո իրավիճակը սահմաններում հանդարտվեց: Սակայն Ադրբեջանը հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու և վրեժ լուծելու հարմար առիթ էր փնտրում: Առիթը ստեղծվեց նոյեմբերի 12-ին, երբ խոցեցին հայկական ուղղաթիռը: Այս դեպքից ընդամենը ժամեր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարը պարգևատրվեց հայկական ուղղաթիռը խոցած Իլքին Մուրադովին: Որքան սադրիչ էր հայկական ուղղաթիռը խոցելու քայլը, նույնքան սադրիչ էր Մուրադովին հապշտապ և ցուցադրաբար հերոսացնելու արարքը: Հատկապես ուղղաթիռը խոցողին մեդալով պարգևատրելը, շատ հայերի հիշեցրեց Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ հայ սպային կացնահարելու և Ադրբեջանում նրան հերոսացնելու պատմությունը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը փոխում է մարտավարությունը: Օգոստոսյան դեպքերից հետո զգալով, որ ռազմական գործողություններով և հայկական տարածքներ ներթափանցումներով հնարավոր չի լինելու հաջողության հասնել, Ադրբեջանը հայկական ուղղաթիռ խոցելով և նմանօրինակ սադրիչ քայլերով է փորձելու միջազգային հանրությանը ցույց տալ, որ չի հաշտվելու ներկա ստատուս-քվոյի հետ: Այլ առիթով ես գրել եմ և այսօր էլ կրկնում եմ. ադրբեջանցիները փորձելու են երրորդ երկրներում սպանել հայաստանցիների` լինեն նախկին զինվորականներ, դիվանագետներ կամ շարքային քաղաքացիներ:

Օգոստոսյան լարվածությունից մինչև հայկական ուղղաթիռի խոցումը ընկած երեք ամսում նախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա Միացյալ Նահանգերի պետքարտուղար Ջոն Քերրին ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կազմակերպեցին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև երեք հանդիպում: Վերջին երեք ամիսներին սահմաններում համեմատաբար հանդարտ իրավիճակը միջազգային միջնորդների մոտ հույսեր էր արթնացրել, որ արցախյան կարգավորման գործընթացը վերադառնում է բանակցային հուն: Ուղղաթիռ խոցելով՝ Ադրբեջանը հերթական անգամ ընդգծեց, որ պատրաստ չէ բանակցային լուծման:

Ուղղաթիռ խոցելով՝ Ադրբեջանը հերթական անգամ ուզում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ չի հաշտվելու տարածքների կորստի հետ: Սակայն հենց նման միջադեպերն են, որ ավելի են ամրապնդում հայկական կողմի այն պնդումները, որ Ադրբեջանին ոչինչ չպետք է զիջել, և այսօրվա ստատուս-քվոն պետք է ընդունել որպես ճշմարտություն, կայացած և անշրջելի իրականություն: Եթե 10-15 տարի առաջ «Ադրբեջանին ոչ մի թիզ հող չպետք է զիջել» բանաձևի կողմնակիցները ինչ-որ իմաստով լուսանցքային էին Հայաստանում, ապա այսօր լուսանցքային են նրանք, ովքեր կողմնակից են Արցախի անկախության ճանաչման և խաղաղության դիմաց Ադրբեջանին հող զիջելուն: Հայկական հանրային գիտակցության այս փոփոխությունը նաև Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության, հակահայկական քաղաքականության և սադրիչ քայլերի արդյունք է:

Այսպիսի սադրանքները Ալիևի կողմից յուրահատուկ ուղերձ են առ հայ ժողովուրդ, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, Ադրբեջանը չի ձգտում հակամարտության խաղաղ, բանակցված կարգավորման, Ադրբեջանը ուզում է ամեն ինչ կամ ոչինչ:

Մեկնաբանել