Քրդական հարցը՝ կրկին Թուրքիայի օրակարգում

«Խաղաղություն և ժողովրդավարություն»  կուսակցության անդամներն ու կենտրոնում՝ ձախից, Թուրքիայի փոխվարչապետ Աքդողանը «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներն ու կենտրոնում՝ ձախից, Թուրքիայի փոխվարչապետ Աքդողանը

Թուրքիայի կառավարության և քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) միջև այս օրերին բանակցություններ են ընթանում, որոնք թուրքական լրատվամիջոցները մեկնաբանում են որպես թուրք-քրդական խաղաղության գործընթացի վերսկսմանը միտված ջանքեր:

Ընդ որում, ինչպես կարելի է եզրակացնել կառավարական և քրդական մամուլի համեմատական վերլուծությունից, իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցներն ավելի խանդավառ են և ջանում են հարցն այնպես ներկայացնել, թե կառավարությունն է նախանձախնդիր գործընթացը վերակենդանացնելու և քրդական հարցին լուծում տալու հարցում: Բացի այդ՝ կարծես, ի հայտ են գալիս նաև գործընթացի հիմնական դերակատարները. քրդական կողմից՝ ԺԴԿ-ն, իսկ կառավարության անունից` փոխվարչապետ Յալչըն Աքդողանը:

Քանդիլի լեռներից, որտեղ ամրացել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)  դաշտային հրամանատարները, դեռ հայտարարություն չի հնչել. նրանց խոսքը կարող է վճռական լինել «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցում՝ գուցե ավելի վճռական, քան Օջալանինը:

Նոյեմբերի 18-ին թուրքական մամուլի առաջին էջերին է հայտնվել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որը նա արել է Ֆիլիպիններում պաշտոնական այցի ընթացքում: Դավութօղլուի խոսքով՝ «խաղաղության գործընթացի շարունակման հարցում Թուրքիան վճռականություն է ցուցաբերում»:

«Հանդիպումները կարող են շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ որոշ մարդիկ չեն համարձակվում խաթարել Թուրքիայի հանրային կարգը, այնքան ժամանակ, քանի դեռ լուծման գործընթացը ձախողման չեն տանի` Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայում ապրող Թուրքիայի քուրդ քաղաքացիներին շահագործելով կամ նրանց վրա ճնշում գործադրելով»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը հանդիպել է ԺԴԿ-ի երեք հոգանոց պատվիրակության հետ, որի անդամները պարբերաբար մեկնում են Իմրալը և հանդիպում քրդերի առաջնորդ հռչակված՝ ազատազրկման մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանի հետ: Աքդողանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է PKK-ի զինաթափմանը՝ ասելով, որ PKK-ն պետք է զենքը վայր դնի: Թուրքիայի փոխվարչապետը գործընթացի շարունակման հիմնական գրավական է համարել այն, որ քրդերը պետք է զերծ մնան ահաբեկչական գործողություններից, ինչպիսիք են ոստիկանության տեղամասերի վրա հարձակումները, հարկերի հավաքումը, ճանապարհների արգելափակումը և այլն:

Շեշտելով, որ գործընթացի հիմնաքարը երկխոսությունն է՝ Թուրքիայի փոխվարչապետն ասել է. «Կառավարությունն արել է այն, ինչ անհրաժեշտ է և կառույցից (PKK – ՍիվիլՆեթ) ակնկալում է ավելի անկեղծ դիրքորոշում»:

Քրդական Ozgur Gundem կայքը, անդրադառնալով Աքդողանի և ԺԴԿ-ի պատվիրակության հանդիպմանը, գրել է, որ քրդական կողմը պնդում է՝ անցում կատարվի բանակցային փուլին: Պատվիրակության անդամ Բալուքենը դժգոգություն է հայտնել, որ Թուրքիայի փոխվարչապետը խնդրի լուծման վերաբերյալ որևէ կոնկրետ քայլ չի առաջարկել` միաժամանակ նախապայման դնելով հրաժարվել ժողովրդավարական համարվող միջոցառումների ու բողոքի ցույցերի անցկացումից: Ի պատասխան Աքդողանի` PKK-ի զենքը վայր դնելու մասին հայտարարությանը, պատվիրակության անունից Իդրիս Բալուքենը նաև հայտարարել է, որ միակողմանի զինաթափումը սխալ է:

Քրդական վերոնշյալ թերթի ենթավերնագրերից մեկը, որը, թերևս, վերոնշյալ հանդիպման ամփոփումն է, հետևյալն է. «Կարծես քրդական հարց գոյություն չունի»:

Դատելով թուրքական լրատվամիջոցների հրապարակումներից` առաջիկայում  քրդական պատվիրակությունը կմեկնի Իմրալը կղզի և կհանդիպի Օջալանի հետ: Այնուամենայիվ, Թուրքիայի հանրության որոշ հատվածներ հոռետեսորեն են  վերաբերվում գործընթացի վերսկսմանը:

Ուշագրավ է, որ Թուրքիայի պետական պաշտոնյաները համառորեն չեն օգտագործում «քրդական հարց» արտահայտությունը, նույնիսկ՝ «թուրք-քրդական խաղաղության գործընթաց» ձևակերպումը՝ նախընտրելով «խաղաղության գործընթաց» տարբերակը: Սա արդյունք է Թուրքիայի պետական, կառավարական շրջանակներում տիրապետող մթնոլորտի, ըստ որի` քրդական հարց չկա. Թուրքիայում ապրող քրդերը պարզապես ունեն խնդիրներ, որոնք կրում են սոցիալ-տնտեսական բնույթ:

Թուրք-քրդական խաղաղության գործընթացը սկսվել է 2013թ. մարտին Աբդուլլահ Օջալանի ուղերձից, որով նա PKK-ին կոչ էր արել զենքը վայր դնել և հեռանալ Թուրքիայի սահմաններից: PKK-ն ընդունել է այդ ուղերձը: Թուրքիայի ղեկավարությունը, սակայն, պնդում է, որ PKK-ն իր մարտիկներին ամբողջությամբ դուրս չի բերել իր տարածքից և շարունակում է ահաբեկչական գործողություններ իրականացնել:

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» 1984թ. զինված պայքար է սկսել Թուրքիայի դեմ` նպատակ ունենալով երկրի հարավարևելյան շրջաններում ստեղծել քրդական անկախ պետություն: 1999թ. կառույցի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո PKK-ն և Օջալանը հրաժարվել են անկախ պետության գաղափարից: Այսօր Թուրքիայի քրդերը չեն դնում ո՛չ անկախության, ո՛չ ինքնավարության հարց, այլ բարձրացնում են ազգային ինքնությանն առնչվող հարցեր և փորձում են քաղաքականապես կազմակերպվել:

Գոռ Երանյան, Ստելլա Մեհրաբեկյան