Երևանը՝ մեկուսացվող Մոսկվայի և ապամեկուսացվող Թեհրանի միջև. Գանտահարյան

Շահան Գանտահարյան Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Երևանը՝ մեկուսացվող Մոսկվայի և ապամեկուսացվող Թեհրանի միջև» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Միջուկային թղթածրարի հարցի շուրջ միջազգային ընտանիքի 6+1 ձևաչափով տարվող բանակցություններն այն տպավորությունն են թողնում, որ միտում կա Իրանի ապամեկուսացման: Նախադրյալները հուշում են, որ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, ելքեր է փնտրում Իրանի հետ հարաբերությունների նոր էջ բացելու: Միջուկայինի հետ կապված ուրանի հարստացման սահմանափակման պահանջներն ու ընդառաջումների ելևէջները հիմնովին քաղաքական շարժառիթներ ունեն:

Ընթացքը այնպես է, որ Ռուսաստանի մեկուսացման դիմաց Իրանի ապամեկուսացման միտումներ են դրսևորվում ԱՄՆ-ի առաջնորդությամբ, ինչը նաև հատկանշում է Իրանի հետ բանակցությունների աշխուժացումը և դրական արդյունքների հանգման հավանականությունների բարձրացումը:

Իրանի գործոնի նկատմամբ ԱՄՆ-ի հարափոփոխ դիրքորոշումները իրենց ազդեցությունն են ունենում Երևանի ուղղությամբ. մանավանդ որ մյուս կողմը այս դեպքում Ռուսաստանն է, որի նկատմամբ որդեգրված պատժամիջոցները արձանագրում են հետևողական մագլցողականություն:

Հայաստանի Հանրապետության երկու ռազմավարական գործընկերների նկատմամբ կիրառման ընթացքի մեջ է հակոտնյա քաղաքականություն: Մեկի ուղղությամբ պատժամիջոցների որդեգրում, մյուսի ուղղությամբ պատժամիջոցների հետզհետե վերացման միտված դրսեվորումներ:

Մի պահ կենտրոնանանք ապամեկուսացվող Թեհրանի և Երևանի միջև կայացած վերջին համաձայնության վրա:Իրանն ու Հայաստանը համաձայնագիր են կնքել հայկական տարածքի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է արել Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը: «Ստորագրվել է համաձայնագիր` ՀՀ-ում հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, և այդ երկրում իրանական կազմակերպությունները շուտով պիտի սկսեն աշխատանքները», հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարը:

Բայց նաև` այս տեղեկության վրա.

Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, Բայահանլի գյուղի մոտ. իսկ փոխհրաձգությանը մասնակցել են ադրբեջանցի սահմանապահները և թմրավաճառները: Այդուհանդերձ ադրբեջանական պետական մարմինները չեն հաստատել այս տեղեկությունները:

Վերլուծական ամփոփ հայացք նետելուց առաջ, անտեղի չի լինի հիշել նաև Իրանի նախագահի Բաքու այցը, որի օրերին համընկաւ հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը: Ռոհանին կարևոր հայտարարություն էր արել Բաքվում` ասելով, որ ղարաբաղյան խնդիրը զինվորական լուծում չունի: Այլ խոսքով, նա հակադրվել էր Բաքվի ռազմատենչ պաշտոնական դիրքորոշմանը։

Իհարկե, չի կարելի սահմանային միջադեպը գերագնահատելով հանգել այն եզրակացության, որ իրանա-ադրբեջանական սահմանը լարված իրավիճակում է: Սակայն, այն, որ զսպված հարաբերություններ կան Թեհրանի և Բաքվի միջև, դա ակնհայտ փաստ է: Իրանում ծագումով ազերի բազմամիլիոնանոց ազգաբնակչությունը երկու պետություններին համար զսպիչ գործոնի հանգամանք ունի:

Իրանի ապամեկուսացման նախադրյալները, Թեհրան-Երևան էներգետիկ բնույթի համաձայնության կնքումը, Իրան-Ադրբեջան սահմանային միջադեպը, նախագահ Ռոհանիի հատկանշականությամբ չառանձնացող այցելությունը Բաքու և հայտարարությունը` Արցախի հարցի լուծման զինվորական միջոցը բացառելու:

Վաշինգտոն-Թեհրան բնականոնացման և Վաշինգտոն-Մոսկվա խզման երևացող միտումի նախադրյալները իրենց ազդեցությունը կթողնեն տարբեր տարածաշրջանների վրա: Սկսելով Միջին Արևելքից, հասնելով Կովկաս: Երևանը սուր հավասարակշիռ քաղաքականություն կիրառելու հարկադրանքի դիմաց է:

Մեկնաբանել