Արտգործնախարարն ինտենսիվ շփումների մեջ է ուղղաթիռի անձնակազմի հարցով

NalbandianՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տարբեր ուղղություններով ինտենսիվ շփումների մեջ է Արցախում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագրի հարցով, Թվիթերում գրել է արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել ուղղաթիռի զոհերի մարմինները:

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նոյեմբերի 17-18-ին Արցախում էր: Ադրբեջանական կողմը փաստացի խոչընդոտել էր նրա այցը ուղղաթիռի անկման վայր՝ չերաշխավորելով նրա անվտանգությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները:

Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարել էին, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով հանդես գալ միջնորդի դերում` խփված ուղղաթիռի երեք օդաչուների մարմինները հայկական կողմին հանձնելու հարցում: Ադրբեջանի ՊՆ-ն էլ նոյեմբերի 18-ին հայտարարել էր, թե «թույլ կտա խոցված ուղղաթիռի հայ օդաչուների դիերը վերցնել, եթե հարկ համարի»:

Մեկնաբանել