«Բաքուն մտացածին մեղադրանքներով քողարկում է փաստարկների բացակայությունը». ԱԳՆ խոսնակ:
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է քսաներեք տարի առաջ Աղդամի շրջանում կործանված ադրբեջանական ուղղաթիռի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության` այսօր տարածած հայտարարությանը:
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «1991թ. նոյեմբերի 20-ին ադրբեջանական ՄԻ-8 ուղղաթիռի կործանումը կազմակերպված է եղել Հայաստանի անվտանգության մարմինների կողմից»:
Տիգրան Բալայանը, պատասխանելով Բաքվի այս շահարկումների վերաբերյալ Tert.am-ի հարցին, ասել է. «Ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռի սադրիչ խոցման հետևանքով առերեսվելով միջազգային հանրության հասցեագրված արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել, մտացածին մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը»։
1991թ. նոյեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Բերդաշեն գյուղի տարածքում կործանվել էր ադրբեջանական ՄԻ-8 ուղղաթիռը` պատճառ դառնալով 22-հոգանոց անձնակազմի մահվան, այդ թվում` ադրբեջանցի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, ռուս և ղազախ դիտորդների: Ադրբեջանն աղետի մեջ մեղադրել էր հայկական կողմին: Վերջինս հերքել էր իր մեղսակցությունը միջադեպին:
Սիվիլիթասի փորձագետ Թաթուլ Հակոբյանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական ՄԻ-8 ուղղաթիռի հետ կապված միջադեպը, այդ կապակցությամբ վկայակոչեց հայկական կողմի ենթադրությունները, որոնց համաձայն` ուղղաթիռի կործանմանը հնարավոր էր Ադրբեջանում իշխանության ձգտող «Ժողովրդական ճակատի» ներգրավվածությունը:
«Ուշագրավ է, որ վերջին պահին ուղղաթիռ նստելուց հրաժարվել էր Աղդամում Ժողճակատի ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Թամեռլան Ղարաևը: Ավելին` Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը իր հարցազրույցներում բազմիցս շեշտել է, որ ուղղաթիռում են եղել իր համախոհները: Մյուս կողմից` նա մշտապես խուսափել է մեղսակցությունը հայկական կողմի վրա բարդելուց»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:
Ակնարկ. Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքից
Մինչ 1991թ. նոյեմբերի 20-ի դեպքը և դրանից հետո ևս տեղի էին ունեցել դժբախտ պատահարներ, իրականացվել ահաբեկչական գործողություններ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ LՂ-ում, Ռուսաստանում, Հայաստանում, այլուր, սպանվել և վիրավորվել էին տասնյակ քաղաքացիներ: Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին` 1988թ. դեկտեմբերի 11-ին, Հայաստանի երկնքում կործանվեց Բաքու-Երևան ռազմական ինքնաթիռը` պատճառ դառնալով 78 մարդու մահվան, ովքեր աղետի գոտի էին շտապում փրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով: Փրկվել էր միայն մեկ մարդ: Այդ օրը աղետի ենթարկվեց նաև Սերբիայից օգնության շտապող ինքնաթիռը, ինչպես նաև` մեկ այլ ուղղաթիռ: Ըստ որոշ լուրերի` կործանումից հրաշքով փրկվել էր նաև Միխայիլ և Ռաիսա Գորբաչովներին աղետի գոտի հասցրած օդանավը: 1990թ. օգոստոսի 1-ին Լաչինի երկնքում աղետի ենթարկվեց Երևան-Ստեփանակերտ չվերթն իրականացնող ՅԱԿ-40 օդանավը: Անձնակազմի 4 անդամները և 39 ուղևորները, բոլորը հայեր, զոհվեցին: Պաշտոնական եզրակացության մեջ ասվում էր, որ «վատ տեսանելիության պայմաններում օդանավը կործանվել է կողմնորոշումը կորցնելու պատճառով»: Վարկած կար, որ օդանավը կործանվել է գերբեռնվածության պատճառով, մինչդեռ հայկական կողմը չէր բացառում Ադրբեջանի ներգրավվածությունը: Նույն տարվա օգոստոսի 10-ին Ադրբեջանի Խանլարի շրջանում պայթեցվեց Թբիլիսի-Աղդամ միջքաղաքային ավտոբուսը, զոհվեցին շուրջ 20 և վիրավորվեցին երեք տասնյակ ուղևորներ: 1991թ. մայիսի 30-ին Դաղստանի Խասավյուրտ քաղաքում պայթեցվեց Մոսկվա-Բաքու գնացքը. 11 մարդ զոհվեց, ավելի քան երկու տասնյակը` վիրավորվեցին: Նույն տարվա հուլիսի 31-ին կրկին պայթեցվեց Մոսկվա-Բաքու գնացքը` պատճառ դառնալով 16 ուղևորների մահվան, ևս 20-ը վիրավորվեցին: 1992թ. հունվարի 28-ին վայրէջքից մի քանի րոպե առաջ կործանվեց Աղդամից Շուշի չվերթով ՄԻ-8 ուղղաթիռը, բոլոր 30 ուղևորները զոհվեցին: 1992թ. Բաքու-Կրասնովոդսկ (այժմ` Թուրքմենբաշի) երթն իրականացնող «Սովետական Կալմիկիա» նավում զոհվեց 25 ուղևոր, վիրավորվեց 88-ը: 1992թ. մարտի 3-ին ռազմա-տրանսպորտային ՄԻ-26 ուղղաթիռը Շահումյան էր հասցրել 20 տոննա ալյուր` հետդարձի ճանապարհին իր հետ վերցնելով կանանց, երեխաների և վիրավորների: Ադրբեջանական օդուժը հրթիռահարեց ուղղաթիռը, վթարային վայրէջքն ավարտվեց ողբերգությամբ, 50 ուղևորներից 12-ը զոհվեցին: 1993թ. Բաքու-Կիսլովոդսկ գնացքում ռումբի պայթյունից սպանվեց 11, վիրավորվեց 18 ուղևոր: 1994թ. մարտի 19-ին Բաքվի մետրոյի «Հունվարի 20» կայարանում պայթյունի հետևանքով սպանվեց 14, վիրավորվեց 42 ուղևոր: Ադրբեջանական կողմը ահաբեկչության մեջ մեղադրեց լեզգիական «Սադվալ» շարժման անդամներին: 1994թ. ապրիլի 13-ին Դաղստանի տարածքում պայթեցվեց Մոսկվա-Բաքու գնացքը, 6 մարդ զոհվեց: Հուլիսի 3-ին Բաքվի մետրոյում պայթյունի հետևանքով զոհվեց 14, վիրավորվեց 54 ուղևոր: 1994թ. սեպտեմբերի 4-ին հայ-վրացական սահմանային Բագրատաշեն-Սադախլո շուկայում ռումբի պայթյունից սպանվեցին 14, վիրավորվեցին 46 հայեր, վրացիներ, վրաստանաբնակ ադրբեջանցիներ: 1995թ. հուլիսի 21-ին կատարվեց երկրորդ ահաբեկչությունը շուկայի հայկական հատվածում, պայթյունի հետևանքով սպանվեց 3, վիրավորվեց 27 մարդ, հիմնականում` հայեր: