«Հայտնագործելով Ամերիկան»՝ Էրդողանը փորձում է թաղել քաղաքական ձախողումները. Al-Monitor

Erdogan Tremblay2Մերձավոր Արևելքի թեմաները լուսաբանող վաշինգտոնյան Al-Monitor կայքում լույս է տեսել հոդված, որը վերնագրված է «Էրդողանը փորձում է թաղել քաղաքական ձախողումները՝ վերաշարադրելով պատմությունը»։ Հոդվածի հեղինակ Փինար Թրեմբլեյն անդրադառնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Ամերիկա մայրցամաքը հայտնագործել է ոչ թե Կոլումբոսը, այլ մուսուլմանները: Հեղինակը վերլուծել է արևմտյան մամուլի արձագանքը Էրդողանի այս պնդումներին: Հոդվածից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ կարևոր, նույնիսկ ձանձրալի եզրահանգումները ցնցող գլոբալ լուրերի վերածելու ձիրք ունի: Նոյեմբերի 15-ին Ստամբուլում Լատինական Ամերիկայի մուսուլման առաջնորդների գագաթաժողովին իր եզրափակիչ ելույթի դեռ 10-րդ րոպեին չհասած՝ Էրդողանն ասաց. «Իսլամի ներթափանցումը Ամերիկա մայրցամաք թվագրվում է 12-րդ դարով: Ըստ պնդումների՝ 1492թ. մայրցամաքը հայտնագործել է Կոլումբոսը: Մինչդեռ Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178թ., մուսուլման նավաստիները հասել են Ամերիկա մայրցամաք: Կոլումբոսի օրագրերում հիշատակվում է ափամերձ բլրի վրա մի մզկիթի մասին: Կարող ենք զրուցել կուբացի իմ եղբոր հետ [նկատի ունի գագաթաժողովին Կուբայի ներկայացուցչին]: Այդ բլրի վրա մզկիթն այսօր տեղին կլիներ»:

Լսարանը խանդավառ ծափահարում է, երբ տեսախցիկները ֆիքսում են որոշ պատվիրակների քմծիծաղը: Այդ ամենն ուղիղ հեռարձակմամբ դիտելիս մտածեցի՝ Էրդողանի մեկնաբանությունը կատակ է: Մինչդեռ Էրդողանը լուրջ էր:

Նա շարունակեց. «Այսպիսով՝ նախքան Կոլումբոսի ժամանումը Ամերիկա մայրցամաքում տարածվել էր իսլամը: Պետք է նաև ընդգծենք, որ իսլամը՝ որպես կրոն, երբեք չի եղել գաղութացման, շահագործման կամ ստրկության գործիք»:

Էրդողանի ելույթը չավարտված՝ նրա հայտարարությունը հայտնվեց տեղական և միջազգային գլխավոր լրատվամիջոցների առաջին էջերին: Առաջին արձագանքները հումորային էին: Դրանք ավելի լրջացան հետագա օրերին:

Մինչ բազմաթիվ ողջամիտ թուրքեր սպասում էին, որ վստահելի մի պատմաբան կմեկնաբանի լուրերն ու կպարզաբանի իրավիճակը, ամեն ինչ է՛լ ավելի վատթարացավ: Թվիթերի բազմաթիվ անանուն օգտատերեր, աջակցելով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ), սկսեցին պայքարել հանուն Էրդողանի պնդումների պաշտպանության:

Հակառակ կողմից Էրդողանի քննադատները սոցիալական ցանցերում նախաձեռնեցին ծիծաղաշարժ բանավեճ՝ Կուբայում Էրդողանի ծրագրած մզկիթի կառուցման վերաբերյալ՝ պատկերելով ԱԶԿ-ի նախարարներին՝ որպես իմամներ, Կուբայի սիգարներ և այլն:

Կարո՞ղ ենք բացատրել, թե ինչպես է Էրդողանը մեկնաբանում և որոշ չափով նաև վերաշարադրում պատմությունը: Հայտնի իրավաբան և հեղինակ Էրդալ Դողանը Al-Monitor-ի հետ զրույցում համապարփակ պարզաբանում արեց. «Չնայած Էրդողանը պատմությունը ներկայացնում է իսլամական պրիզմայի ներքո, պետք է ընդունենք, որ այս մտածելակերպի հետևում կանգնած է 100-ամյա թուրքական ազգայնականությունը: Ինչ-ինչ պատճառներով Ամերիկաների հայտնագործումը գրավիչ է թուրքական և իսլամական լսարանների համար: Տասնամյակներ շարունակ թուրք ծայրահեղ ազգայնականները պայքարել են Թուրքիայում բոլորին թուրքացնելու համար: Սակայն դա բավարար չէր: Նրանք նույնիսկ բնիկ ամերիկացիներին թուրք դարձրին»:

Թե ինչպես են Էրդողանի հայտարարություններն ընկալվել աշխարհով մեկ՝ հակիրճ ամփոփել է Անկարայում աշխատող իտալացի ֆոտոլրագրող Պիերո Կաստելլանոն. «Դա Արևմուտքում ընկալվել է ամպագոռգոռ ծաղրանքով, որովհետև հնչել է ոչ թե որպես փոխաբերություն կամ ոգեշնչանք, այլ ինչպես դատարկ պարծենկոտություն»:

Մեկնաբանել