Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատում է զորավարժությունները «իր տարածքում»

soldier-zinvor-nkr-2Ադրբեջանի արտգործնախարությունը հայտարարել է, թե Հայաստանը մեծացնում է ռազմական ներկայությունն «իր գրավյալ տարածքներում»: «Հայաստանն անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և հրաժարվելով դուրս բերել զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից՝ ցուցադրաբար խախտում է միջազգային իրավունքն ու հրադրադրի ռեժիմը, շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը նշված տարածքներում և անցկացնում է լայնածավալ զորավարժություններ»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության նոյեմբերի 20-ի հայտարարությունում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ զորավարժությունները կազմակերպվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում, Ուելսում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումներից անմիջապես հետո։

Պաշտոնական Բաքուն նշում է, թե «Հայաստանի կողմից անցկացվող զորվարաժությունները վնասում են բանակցային գործընթացին»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 20-ին հայտարարել էր, որ «հայկական կողմը անտեսում է պատերազմը վարելու կանոնները և շարունակում է հանցագործություններ կատարել»:

Նախարարությունը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չբացելու» մասին հայտարարությունը «ափսոսանք և տարակուսանք է» առաջացնում: Նույն օրը ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը միջնորդների հայտարարությունը «սադրիչ, անիմաստ և անտրամաբանական» էր որակել:

Համանախագահները նոյեմբերի 19-ի հայտարարությամբ կոչ են արել Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել ուղղաթիռի զոհերի մարմինները:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները:

Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարել էին, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով հանդես գալ միջնորդի դերում` խփված ուղղաթիռի երեք օդաչուների մարմինները հայկական կողմին հանձնելու հարցում: Ադրբեջանի ՊՆ-ն էլ նոյեմբերի 18-ին հայտարարել էր, թե «թույլ կտա խոցված ուղղաթիռի հայ օդաչուների դիերը վերցնել, եթե հարկ համարի»։

Մեկնաբանել