Շվեդիայում Հայաստանի դեսպանություն է բացվել

Շվեդիայում Հայաստանի դեսպանության բացման արարողությունը: Ստոկհոլմ, նոյեմբերի 24, 2014թ.: Շվեդիայում Հայաստանի դեսպանության բացման արարողությունը: Ստոկհոլմ, նոյեմբերի 24, 2014թ.:

Ստոկհոլմի պատմական Ազնվականության պալատում` Ռիդդարհյուսեթում, նոյեմբերի 24-ին պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը: Բացման արարողությանը ներկա է եղել պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Չնայած այն հանգամանքին, որ հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 22 տարի առաջ, կան բազմաթիվ վկայություններ, որ մեր ժողովուրդները առնչվել են դեռ վաղ միջնադարից: 16-17 դարերում Արևելքը Շվեդիային կապող առևտրական ճանապարհը հայ վաճառականների ակտիվության շնորհիվ հաճախ կոչվել է «Հայկական ճանապարհ»: Շվեդիայի պատմության ընթացքում հայտնի են հայ ծագումով դիվանագետներ, գիտնականներ»,- ասել է Նալբանդյանը։

Նույն օրը` ավելի վաղ, Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է իր շվեդ գործընկեր Մարգոտ Վալստրյոմի հետ:

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը:

«Այս պահին կարևոր է հաղթահարել այն խիստ բացասական իրավիճակը, որը ստեղծվել է Փարիզի գագաթաժողովից անմիջապես հետո Բաքվի կողմից իրականացված սադրիչ գործողությունների՝ ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման և անձնակազմի անդամների զոհվելու հետևանքով»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Շվեդիայում դեսպանության բացման առիթով Ազնվականների միության արխիվից հանդիսությունների սրահում ցուցադրման է ներկայացվել ծագումով հայ շվեդ դիվանագետ Իգնատիուս Մուրադջանյանին 1780թ. ազնվականի տիտղոս շնորհելու Շվեդիայի արքայական հրովարտակը, ինչպես նաև պատմական այլ փաստաթղթեր։

Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 10-ին:

2014թ. հունվարից Շվեդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Արտակ Ապիտոնյանը:

2013թ. դրությամբ Հայաստանից Շվեդիա է արտահանվել $556 հազ-ի, ներմուծվել` $23,3 մլն-ի ապրանք:

Մեկնաբանել