Տասնյակ հազարավոր ամերիկացիներ ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։
Բողոքի պատճառ է դարձել Երդվյալ ատենակալների դատարանի որոշումը, ըստ որի՝ մեղադրանք չի առաջադրվել ոստիկանին, որն այս տարվա օգոստոսի 9-ին մահացու վիրավորել էր 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին։ Դեպքը տեղի էր ունեցել Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում, որն այդ ժամանակ ևս համակվել էր ցույցերով։
Ցույցերի նոր ալիքը կրկին ծայր է առել Ֆերգյուսոնից և տարածվել այլ քաղաքներում։ Նյու Յորքից մինչև Սիեթլ՝ ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ են կրել։
Նոյեմբերի 25-ին Ֆերգյուսոնում հրդեհվել էին տասնյակ տներ, տասնյակ մարդիկ ձերբակալվել էին։
Միսուրի նահանգի իշխանությունները որոշում էին կայացրել Ֆերգյուսոն ուղարկել հավելյալ ուժեր՝ կարգուկանոն հաստատելու և ցուցարարներին հանդարտեցնելու համար։
Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնի խոսքով՝ Ֆերգյուսոնի Սենթ Լուիս արվարձանում կարգը պահպանում է ԱՄՆ Ազգային գվարդիայի մոտ 2200 զինծառայող։
Ֆերգյուսոնում ներկայում իրադրությունը համեմատաբար հանդարտ է։
Մայքլ Բրաունի ընտանիքի փաստաբանը դատարանի որոշումն անվանել է ոչ արդարացի։
Արդարացված ոստիկան Դարեն Ուիլսոնի փաստաբանները հայտարարել են, որ երդվյալ ատենակալների վճիռը արդարացի է և նշել են, որ հաճախ բարդ իրադրությունում ոստիկանն ունի ընդամենը կես վայրկյան՝ կայացնելու բարդ որոշում։
Ինքը՝ Ուիլսոնը, հարցազրույց է տվել ամերիկյան ABC ալիքին՝ ասելով, որ իր խիղճը մաքուր է։
Նա օգոստոսի 9-ից վճարովի արձակուրդում է։ Ֆերգյուսոնի քաղաքապետը հայտնել է, որ վերջնական որոշումը՝ կշարունակի Ուիլսոնը աշխատել ոստիկանությունում, թե ոչ, դեռ ընդունված չէ։