Ապօրինի անտառահատման համար Քրեական օրենսգրքով նախատեսում է տուգանք կամ ազատազրկում` մինչև երեք տարի ժամկետով։ Լուսանկարը` Բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից:
Համահայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը նոյեմբերի 17-ին տեսանյութ էր տարածել` ահազանգելով Իջևանի անտառներում՝ Լաստիվերի ճանապարհին կատարվող ծառահատումների մասին։ Տեսանյութում ներկայացված էին հատված ծառեր, որոնք Բնապահպանական ճակատի ներկայացուցիչների խոսքով` կտրվել էին էլեկտրական սղոցով, իսկ ծառերի մի մասի կոճղերը ներկվել էին` «փորձելով տպավորություն ստեղծել, թե հին են»։
ՍիվիլՆեթը հարցում ուղարկեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ին (որի ենթակայության ներքո է անտառահատված տարածքը), պարզելու, թե արդյոք տվյալ վայրում առկա է ծառահատման թույլտվություն։
«Հայանտառից» պատասխանեցին, որ Խաչաղբյուր գետի մոտակայքում «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից 2012-2014 թթ․ հատատեղեր չեն հատկացվել:
«Հարցի կապակցությամբ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որից պարզվել է, որ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 1-ին պահաբաժնի 5-րդ քառակուսու 1-ին հատվածում հայտնաբերվել է 12 հատ տարբեր տրամագծով ապօրինի հատված ծառերի (3 հատ թեղի, 3 հատ բոխի և 6 հատ հաճարենի) կոճղեր, որոնցից 5-ը անտառտնտեսության պահպանության աշխատողների կողմից ակտավորված և ուղարկված է իրավապահ մարմիններին, իսկ 7 ծառի անտառխախտողը հայտնաբերվել է, և կազմված ակտերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Ներկայում իրականացվում է քննություն»,- նշում են «Հայանտառում»` հավելելով, որ թույլ հսկողություն իրականացնելու համար տվյալ պահաբաժնի անտառապահն ազատվել է աշխատանքից:
«Հայանտառից» նաև տեղեկացնում են, որ Խաչաղբյուր գետի հարակից տարածքում իրականացված մեծածավալ ծառահատումների մասին Բնապահպանական ճակատի անդամներին տեղեկացվել է «անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից:
«Խնդիրը վերաբերում է 2013թ. հէկ կառուցապատողների կողմից ճանապարհի անցկացման ժամանակ հատված 173 տարբեր տրամագծի ծառերին, որոնց վերաբերյալ «անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ և ուղարկվել են իրավասու մարմիններին (մարզի բնապահպանական պետական տեսչություն և ոստիկանություն) հետագա ընթացք տալու համար»,- ասված է «Հայանտառի» պատասխանում:
Ապօրինի անտառահատման համար Քրեական օրենսգրքով նախատեսում է տուգանք կամ ազատազրկում` մինչև երեք տարի ժամկետով։
ՍիվիլՆեթին չհաջողվեց գործի ընթացքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Տավուշի մարզի բնապահպանական պետական տեսչությունից և ոստիկանությունից:
Իջևանի անտառում տեղի ունեցած անտառահատումների մասին ՍիվիլՆեթի հարցազրույցը Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի և բնապահպան Գոռ Հովհաննիսյանի հետ կարող եք դիտել ստորև: