Բիզնես Ադրբեջանի սահմանին

road-tavushՍեպտեմբերի վերջերին Բաքվի իշխանությունները որոշում ընդունեցին Հայաստանի հետ սահմանների երկայնքով զինել քաղաքացիական բնակչությանը: Իլհամ Ալիևի հրամանագրում ասվում էր, որ շփման գծին հարող գյուղերի բնակիչներից անհրաժեշտ է կամավորական պարեկային ջոկատներ ստեղծել: Ավելի վաղ՝ հուլիս-օգոստոսին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածությունը հասել էր ամենաբարձր աստիճանի 1994-ի հրադադարից ի վեր: Կողմերը փոքր և միջին, որոշ դեպքերում՝ խոշոր տրամաչափի զենքերից, գնդակոծում էին սահմանի երկայնքով տեղաբաշխված գյուղերը:

Հենց այդ օրերին հայկական փորձագիտական և քաղաքական շրջանակներում խոսվում էր հայկական գյուղերի բնակիչներին զինելու անհրաժեշտության մասին: Հայաստանի ղեկավարությունը, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանը, կտրականապես դեմ եղավ: Փոխարենը, Հայաստանի կառավարությունը Ազգային ժողով ներկայացրեց օրենսդրական երկու փաթեթ, որոնք գրեթե միաձայն ընդունվեցին նոյեմբերի կեսերին: Հունվարի 1-ից այդ օրենքները երեք տարով մտնելու են ուժի մեջ: Ենթադրվում է, որ այդ օրենքները հետագայում կերկարաձգվեն, քանի որ առաջիկա տարիներին դժվար է ակնկալել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում:

Ընդունված օրենքներից մեկով Ադրբեջանին սահմանամերձ 31 համայնքների բոլոր բնակիչները կստանան սոցիալական աջակցություն: Մասնավորապես, նրանք միայն մասամբ կվճարեն էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաև՝ ամբողջապես կազատվեն հողի հարկ և գույքահարկ վճարելուց: Երկրորդ օրենքով՝ սահմանամերձ այդ 31 գյուղերում իրականացվող տնտեսական գործունեությունը՝ արտադրության կազմակերպումը, գրեթե ամբողջովին կազատվի հարկերից: Դա նշանակում է, որ հայ գործարարները հնարավորություն կունենան բիզնեսը տեղափոխել սահմանամերձ հատված կամ այնտեղ նոր բիզնես կազմակերպել:

Միայն ժամանակը ցույց կտա, թե այդ օրենքների ընդունումը և կյանքի կոչումը ինչքանով է ամրապնդելու սահմանապահ հայկական գյուղը, հետևաբար նաև՝ հայկական սահմանը: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները ճիշտ որոշում են կայացրել: Ավելին, նման որոշում պետք էր կայացնել ավելի վաղ:

Երբ Ազգային ժողովը ընդունեց երկու օրենքները, Տավուշի մարզի սահմանապահ և ամենից խոցելի գյուղերից երկուսի՝ Չինարիի և Մովսեսի գյուղապետերը շտապեցին Երևան և համատեղ մամուլի ասուլիսում հայ գործարարներին՝ լինեն նրանք Հայաստանից կամ Սփյուռքից, կոչ արեցին օգտվել օրենքից, բիզնես դնել իրենց գյուղերում, եկամուտ ստանալ և տեղի բնակչության համար ապահովել աշխատատեղեր:

Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում, տեղաբաշխված են 31 հայկական գյուղեր: Անշուշտ, այդ գյուղերից բոլորը չէ, որ գտնվում են հակառակորդի ափի մեջ: Բայց այդ 31 գյուղերը ընդհանուր սահման ունեն Ադրբեջանի հետ, հետևաբար՝ ընդունված երկու օրենքները տարածվելու են նրանցից յուրաքանչյուրի վրա: Այդ 31 գյուղերը, ըստ սահմանից իրենց գտնվելու վայրի հեռավորության, կարելի է բաժանել երեք խմբի՝ չափազանց վտանգավոր, վտանգավոր և անվտանգ:

Այսպես՝ Կողբ, Սևքար, Արծվաբերդ, Չորաթան և մի շարք այլ գյուղեր, որոնց վրա տարածվելու է օրենքը, անմիջական սահմանակից չեն Ադրբեջանին, բայց նրանց մշակելի հողատարածքները սահմանակից են Ադրբեջանին: Պատերազմի տարիներին այդ գյուղերը չեն գնդակոծվել, ավերածություններ չեն եղել: Հետևաբար, այդ գյուղերում բնակվողների համար հակառակորդի կրակից սպանվելու վտանգ չկա:

Մի շարք գյուղեր, ինչպես Երասխը, Վահանը, Ճամբարակը, Կիրանցը, Պառավաքարը, կարելի է դասել վտանգավորների շարքում: Արցախյան պատերազմի տարիներին այս գյուղերը ենթարկվել են ռմբակոծության, մարդիկ են սպանվել ու վիրավորվել: Այսօր սակայն, այդ գյուղերում հակառակորդի կրակից մարդկանց սպանվելու հավանականությունը շատ քիչ է, քանի որ հայկական զինվորական դիրքերը գերիշխում են, և ադրբեջանական կողմը համեմատաբար զուսպ է:

Երրորդ՝ չափազանց վտանգավոր խմբի մեջ պետք է դնել այն գյուղերը, որտեղ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը ավելի մոտ է պատերազմին: Այդ գյուղերն են՝ Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան, Դովեղ և Բերդավան: Այդ գյուղերում արդեն 25 տարի մարդիկ խաղաղ կյանք չունեն: 1994-ի հրադադարից հետո այս գյուղերում սպանվել, վիրավորվել, գերվել և պատանդ են տարվել տասնյակ խաղաղ բնակիչներ: Այս գյուղերը Տավուշի մարզում են՝ Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում:

Հայաստանի այս հատվածը ունի չափազանց կարևոր, անգնահատելի և անփոխարինելի նշանակություն երեք հիմնական պատճառներով: Առաջին՝ Ռուսաստանից Հայաստան հասնող գազատարը անցնում է Տավուշի մարզով: Երկրորդ՝ Հայաստանից դուրս եկող միակ երկաթուղին, որով իրականացվում է երկրի ապրանքաշրջանառության ավելի քան 70 տոկոսը, անցնում է Տավուշի մարզով: Երրորդ՝ Հայաստանից դուրս եկող և Ռուսաստան հասնող ցամաքային միակ գործող ճանապարհը (Վրաստանի Կազբեգի-Վերին Լարս անցակետով) նույնպես անցնում է Տավուշի մարզով: Պատահական չէ, որ պատերազմի տարիներին ադրբեջանցիները վրաց-հայկական սահմանին մոտ հատվածներում պայթեցնում էին գազատարը (ավելի քան 40 անգամ), երկաթուղին (ավելի քան 20 անգամ), գերեվարում Հայաստանի քաղաքացիներին:

Ընդունված երկու օրենքները հնարավորություններ են ստեղծում, որպեսզի հայկական բիզնեսը, գուցե նաև հայրենասիրական մղումներով, մտնի սահմանամերձ և սահմանապահ գյուղեր: Կառավարությունն ու Ազգային ժողովը իրենց քայլն արել են: Մնում է, որ հայկական բիզնեսը արձագանքի և ներդրումներ կատարի Հայաստանի՝ Ադրբեջանին հարող տարածքներում: Հողը, հայրենիքը պահում-պաշտպանում են ոչ միայն զենքով, այլև այդ հողի վրա տուն ու գործարան կառուցելով, ապրելով, աշխատելով ու արարելով:

Մեկնաբանել