Բոլիվիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Բոլիվիայի խորհրդարանի շենքը։ Բոլիվիայի խորհրդարանի շենքը մայրաքաղաք Լա Պասում։

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում մասնավորապես հայտարարվում է. «1915թ. ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի է ունեցել Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից՝ Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին հանձնելու արարողությունը, ասված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում»,- ասել է Նալբանդյանը։