ԲՀԿ-ն չի միանա Սարգսյանին պաշտոնազրկելու Փաշինյանի նախաձեռնությանը

«Այս նախաձեռնությունը ընդամենը կրելու է երաշխավորված մեկքայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում». ԲՀԿ «Այս նախաձեռնությունը ընդամենը կրելու է երաշխավորված մեկքայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում». ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի միանա Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ Հայ ազգային կոնգրեի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկին:

Ավելի վաղ Փաշինյանը դիմել էր ոչ իշխանական խմբակցություններին՝ աջակցություն հայցելով Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:

ԲՀԿ-ն դեկտեմբերի 1-ին` Ազգային ժողովի հերթական քառօրյային նախորդող  խմբակցության նիստում, ի թիվս այլ հարցերի` քննարկել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

Ըստ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի տարածած հաղորդագրության` Փաշինյանի նախաձեռնության մեջ իրենք տեսնում են երկրի առաջ ծառացած խնդիրների և մարտահրավերի վերաբերյալ պատգամավորի մտահոգությունները: ԲՀԿ-ն նշում է, որ համաժողովրդական շարժումն իր առաջ խնդիր է դրել՝ Հայաստանում իրականացնել «արմատական և անշրջելի համակարգային լրջագույն փոփոխություններ, որոնց արդյունքում լուծում կստանան հենց այդ՝ բարձրացված խնդիրներն ու մարտահրավերները»: Կուսակցությունը հավելում է, որ համաժողովրդական շարժման դռները բաց են ցանկացած գործչի և ցանկացած մտահոգ քաղաքացու համար:

«Բարգավաճ Հայաստանն իր քաղաքական գործընկերների հետ որդեգրել է բացառապես  ճշգրիտ քայլերի և սթափ  հաշվարկներով հաջողության հասնելու ու ժողովրդին կիսաքայլերով հուսախաբ չանելու ճանապարհը: Բոլոր ռացիոնալ հաշվարկները ցույց են տալիս, որ Փաշինյանի նախաձեռնության համար անհրաժեշտ՝ առաջին փուլում՝ 66, իսկ հետագայում՝ 88 ձայնը խորհրդարանում չի հավաքվելու: Տվյալ պարագայում այս նախաձեռնությունը ընդամենը կրելու է երաշխավորված մեկքայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում»,- ասված է ԲՀԿ հաղորդագրությունում:

Կուսակցությունը վերահաստատում է, որ իր առաջիկա գործունեությունը միտված է լինելու հասարակությունը մոբիլիզացնելուն, բազմակուսակցական քաղաքական լայն ճակատ ձևավորելուն, ժողովրդին համախմբելուն և նոր որակի իշխանություն ձևավորելուն:

«Այս խնդիրների լուծման ճանապարհին ԲՀԿ-ի համար ընդունելի են սահմանադրական պայքարի բոլոր միջոցները. այդ թվում՝ հանրահավաքներ, երթեր, նստացույցներ, ստորագրահավաքներ, հրաժարականներ, պաշտոնանկություններ և այլն»,- նշում են «Բարգավաճ Հայաստանում»:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Սիվիլնեթի հետ հարցազրույցում նշել էր, որ խորհրդարանական եռյակը «շատ կոնկրետ հնարավորություն ունի՝ ԱԺ-ում հարուցելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց», և երբ սկսվի այդ գործընթացը, իր ստորագրությունը կլինի այդ նախաձեռնության տակ: ՍիվիլՆեթի հարցադրմանը, թե ինչու Փաշինյանն ինքը չի նախաձեռնում այդ գործընթացը, վերջինս ասել էր. «Որպեսզի չստացվի, որ ես միայնակ փորձում եմ նախաձեռնություն անել և իրավիճակ ստեղծել, որ եռյակին միացնեմ իմ նախաձեռնությանը: Շատ կարևոր է, որ չստացվի, թե ես փորձում եմ իմ նախաձառնության ծիրի մեջ տեղավորել ոչ իշխանական եռյակին»: Դիտարկմանը, թե լինելով Ազգային ժողովում՝ նա ունի հնարավորություն՝ սկսելու իմփիչմենթի գործընթաց, Փաշինյանը խոստացել էր առաջիկայում հանդես գալ այդպիսի առաջարկով և տեսնել, թե ով կմիանա դրան:

Փաշինյանի նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հայ ազգային կոնգրեսը իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ ՀԱԿ-ը չի միանա Փաշինյանի նախաձեռնությանը: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ նախաձեռնության տակ չեն ստորագրելու, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի քանի տարի աշխատել են: