Ճանապարհային քարտեզ անպայման կլինի. Վարդան Օսկանյան

Օսկանյանը Մոսկվայի հայ համայնքին ներկայացրել է հայաստանյան զարգացումները։ Վարդան Օսկանյանը Մոսկվայի հայ համայնքին ներկայացրել է հայաստանյան զարգացումները։

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը հանգստյան օրերին Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի հետ, ներկայացրել Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները։ Նոյեմբերի 6-ին ԲՀԿ քաղաքական խորհուրդը լիազորել էր Վարդան Օսկանյանին խորհրդակցելու Սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ արտերկրում համաժողովրդական շարժման գրասենյակներ ստեղծելու և հայաստանյան գրասենյակների հետ համակարգված աշխատելու շուրջ: Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպումից և ելույթից հետո Օսկանյանի հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ազա Բաբայանը (Հարցազրույցի տեսագրությունը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի տեսագրությունում)։ Զրույցի տեքստը ներկայացված է ստորև։

– Պրն Օսկանյան, գիտեմ՝ այստեղ Մոսկվայում այսօր մի շարք հանդիպումներ եք ունեցել։ Կարո՞ղ եք պատմել՝ ի՞նչ հանդիպումներ էին, ինչի՞ մասին էիք խոսում և ո՞ւմ հետ եք հանդիպել։

– Չմանրամասնեմ հանդիպումները։ Գլխավորը համայնքի հետ մեծ հանդիպումն էր։ Կարծում եմ, որ բավական լավ հանդիպում էր, հետաքրքրությունը կարող եմ ասել՝ ուղղակի զարմանալի էր նույնիսկ ինձ։ Շատ բնական հանդիպում էր, այդպես բնութագրեմ։ Որովհետև, ինչպես իմ ելույթում ասացի, Ռուսաստանի համայնքը նույնիսկ Սփյուռք չէ, Հայաստանի շարունակությունն է, Հայաստանի մի մասնիկն է։ Եվ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, բացասական իմաստով անմիջականորեն ազդում է հենց նրանց վրա։ Եվ նրանք հենց այն մարդիկ են, որ ամենաշատ հետաքրքրությունն ունեն Հայաստանի իրադարձությունների նկատմամբ, այն մարդիկ են, որոնք արդեն իրենց մասնակցությունը ունեն Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, այն մարդիկ են, որ մեծ ռեսուրսներ ունեն, և այն մարդիկ են, որ կառավարության վարած քաղաքականության արդյունքում են հիմնականում այստեղ հայտնվել: Եվ ամենակարևորը՝ մարդիկ են, որ Հայաստանում արմատական փոփոխություններ լինելու դեպքում առաջինն են, որ վերադառնալու են Հայաստան։ Այնպես որ,

Համաժողովրդական շարժումը, որ սկսել ենք մենք, խնդիր ենք դրել նաև Սփյուռքին ներգրավել, և առաջինը, բնականաբար, պետք է լիներ ռուսաստանահայ համայնքի ներգրավումը հենց այն պատճառներով, որ ես թվարկեցի։ Եվ արժանի են նրանք, որ իսկապես մեզնից լսեն, թե մենք ինչ ենք անում, բացատրենք իրենց, որովհետև գիտեք՝ այնպես չէ, որ ասես, կոչ անես, ու մարդիկ միանգամից արձագանքեն ու գան։ Այս մարդկանց հետ պետք է աշխատել, բացատրել, որովհետև ո՞րն է այսօր ամենամեծ խնդիրներից մեկը, որ մեր պատճառով է առաջացել՝ վստահության պակասն է, բացակայությունը։ Պետք է հասկանան՝ ինչ է արվում, վստահեն այն մարդկանց, որոնք փորձում են փոփոխություն բերել։ Նոր մենք կարող ենք ակնկալել, որ այս մարդիկ իրոք կաջակցեն ու կօգնեն մեզ, որ կարողանանք մեր նպատակները այսօր Հայաստանում իրականացնել։

– Միացյալ Նահանգների հայ համայնքի համեմատ՝ Ռուսաստանի համայնքը որևէ ազդեցություն Ռուսաստանի իշխանությունների վրա չունի։ Ասեմ ավելին՝ նրանք նույնիսկ տեղական իշխանական մարմինների վրա ազդեցություն չունեն։ Եվ ընդհակառակը՝ կա հակառակ ազդեցությունը՝ մեծամասամբ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները շատ իշխանամետ են։ Այսինքն՝ ակնկալել, որ նրանք ինչ-որ ձևով կազդեն Ռուսաստանի իշխանությունների վրա, պետք չէ։ Բայց ինչ ձևով նրանք կարող են ազդել Հայաստանի իշխանությունների վրա, սա իրականում հետաքրքիր է։

– Մեր ակնկալիքն այն չէ, որ համայնքը ազդի Ռուսաստանի իշխանություններ վրա, ինչ-որ շարժման նկատմամբ դիրքորոշում դրսևորի։ Բայց, վերջիվերջո, իշխանություններն են տեսնում նաև, որ Ռուսաստանում համայնքի լայն շրջանակներ աջակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Եռյակին և Համաժողովրդական շարժմանը։ Ես կարծում եմ, որ դա ինչ-որ տեղ ազդեցություն ունենալու է։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանի իշխանությունները, ճիշտ է՝ նրանք միշտ իշխանությունների հետ են աշխատում, բայց Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ փորձում են չեզոքություն պահպանել։ Նրանք ուղղակի դրսից դիտարկում են։

Իմ ելույթը, ես վստահ եմ, որ նաև իշխանություններին է հասնելու։ Ես այնտեղ խոսեցի հայ-ռուսական հարաբերությունների մասին, խոսեցի ԵվրԱզԷս-ին Հայաստանի անդամակցության, դրա օգուտների մասին։ Նրանք տեսնելու են, որ այս շարժումը որևէ հակառուսական տարր չի պարունակում իր մեջ։ Եվ սա այդ առումով իսկապես կարևոր է։ Բայց ես նորից եմ ասում՝ այս հանդիպման նպատակը իշխանություններին չի վերաբերում, վերաբերում է իսկապես մեր համայնքին։ Որովհետև այս համայնքը Հայաստանի ժողովրդի շարունակությունն է, ժողովրդի մի մասնիկն է։ Մենք նույնիսկ պարտավոր ենք գալու, բացատրելու այս մարդկանց, թե ինչ ենք անում, որպեսզի նրանց վստահությունը շահենք։ Չկար այդ դահլիճում մարդ, որ ընտանիք չունենար Հայաստանում։ Եվ այս մարդիկ են, որ փող են ուղարկում այնտեղ։ Եթե ընդհանրապես Հայաստանից հույսը կորցնեն, միգուցե իրենց ընտանիքներն էլ կբերեն արդեն, ու ընդհանրապես Հայաստանը կդատարկի։ Բայց եթե նման հանդիպումներով մենք հույս ենք տալիս, որ միասին մենք Հայաստանում բան ենք փոխելու, միգուցե կարելի է դա գոնե կանխել և իրոք փորձել փոփոխությունները հնարավորին չափ շուտ անել, որպեսզի այդ հաջորդ քայլին չգնան։

– Պրն Օսկանյան, եռյակին մեծամասամբ քննադատում են նաև այդ «ճանապարհային քարտեզ» ասածի բացակայության մեջ։ Ասում են, որ չեք ներկայացնում ո՛չ իշխանափոխության մեխանիզմը, ո՛չ «ճանապարհային քարտեզը», որևէ հստակ բան չեք ասում՝ ո՛չ ժամկետների, ո՛չ էլ սցենարի առումով։ Կարո՞ղ եք մի փոքր բացել փակագծերը՝ ինչպե՞ս եք Դուք տեսնում այդ իշխանափոխությունը, ի՞նչ ձևով է դա արվելու։

– Այս պահին կոնկրետ իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» մասին ես չէի ուզենա խոսել։ Բայց անպայման կլինի, ժողովուրդը դրա մասին կիմանա՝ դա լինելու է առանց ցնցումների, խաղաղ ճանապարհով իշխանափոխության «ճանապարհային քարտեզ»։ Եվ շուտով կարծում եմ, որ դա մենք կներկայացնենք։ Դու ճիշտ ես դնում հարցադրումը, ժողովուրդը ճիշտ է դնում։ Այնտեղ որոշ հստակություն է պետք՝ ժամկետների առումով, և թե դա ինչպես է արվելու։ Ես վստահեցնում եմ, որ դա անպայման կլինի։ Բայց նաև հարց է, չէ՞՝ թե արդյոք իշխանափոխությունից հետո Եռյակը, Համաժողովրդական շարժումը ծրագիր ունի՞ երկիրը այս վիճակից դուրս բերելու։

Այսօր խնդիրները այնքան ակնհայտ են Հայաստանում և նաև՝ դրանց լուծումները, որ շատ հեշտությամբ դա կարելի է դնել թղթի վրա և ներկայացնել ժողովրդին։ Այսինքն՝ չանել այն, ինչ արվում է, անել ճիշտ հակառակը, այն ինչ արվում է։ Ես շատ կոպիտ եմ ասում, բայց իսկապես շատ ակնհայտ է՝ 23 տարի է անցել, մեզնից լավ ոչ ոք չգիտի՝ որոնք են թերությունները։ Իշխանություններն էլ գիտեն, բայց իշխանություններն ուղղակի այնքան են խրվել այս իրավիճակի մեջ, ամեն ինչ այնքան իրար հետ միահյուսվել է, որ ուղղակի հնարավոր չէ, որ նույնիսկ ցանկության դեպքում այս մարդիկ բան փոխեն։ Իրենք էլ շատ լավ գիտեն, նաև լուծումները գիտեն։ Ուղղակի այնքան են իրար հետ այդ շահերը այսպես սերտաճել, որ չեն կարող։ Դրա համար էլ փոփոխություն է պետք։ Որոշ մարդիկ պետք է գնան, նորերը գան։

Նոր մոտեցումներով արդեն ամեն ինչ շատ ակնհայտ է, և հնարավոր է դա անել։ Ես շատ արագ նույնիսկ դա ասեմ։ Առաջին՝ քաղաքական մենաշնորհը պետք է վերացնել։ Դա ուղղակի ամեն ինչի մեջքը կոտրում է: Դրա հետևանքները ակնհայտ են։ Եռյակը իր այս գործունեությամբ և դա բացելով նաև այլ քաղաքական ուժերին՝ ինքնին արդեն այսօրվանից ցույց է տալիս, որ մի կուսակցություն ինքնուրույն չի գործելու, մի կուսակցություն ինքնուրույն ամեն ինչ չի որոշելու, կոնսենսուսային որոշումներ են լինելու, իսկական կոալիցիա է լինելու, նոր կառավարության․․․

– Բայց կա դոմինանտ ուժ՝ «Բարգավաճ Հայաստանը»։

– Իհարկե, միշտ էլ լինելու է։ Քաղաքական դաշտում, վերջիվերջո, ընտրությունների արդյունքում մի քաղաքական ուժ միշտ առաջին տեղում է հայտնվելու։ Բայց լավ կլինի, որ որ որևէ կուսակցություն բացարձակ մեծամասնություն չունենա ամեն ինչում՝ խորհրդարանում, կառավարությունում, այլ լինի հակակշիռների հիման վրա։ Սա, օրինակ, շատ հստակ քաղաքական ծրագիր է՝ ամեն ինչով նպաստել, որ այդ քաղաքական մենաշնորհը հաջորդ կառավարությունում, հաջորդ իշխանություններում տեղի չունենա։ Եվ սա շատ անհրաժեշտ է։ Իսկ տնտեսական մասով ես այսօր ելույթում եմ ասել՝ մի քանի շերտանոց ծրագիր կա։ Առաջինը, որ սկզբունքային այս հիմնական խնդիրներին պետք է պատասխան տալ։ Այսինքն՝ տնտեսական մենաշնորհները վերացնել, բոլորի համար հավասար դաշտ ստեղծել, բացել ընդհանրապես տնտեսությունը բոլորի համար, խտրականություն թույլ չտալ։ Սա ընդհանուր սկզբունքներն են, ընդհանուր մոտեցումներն են։

Դրանից հետո արդեն անցնել կոնկրետ մակրոտնտեսական քաղաքականությանը, որը էապես տարբերվելու է այսօրվա կառավարության վարած քաղաքականությունից։ Այսինքն՝ թիրախը չի լինի ամեն գնով բյուջեի հավաքագրումը՝ ժողովրդին ուղղակի քերելով, հարկեր հավաքելով, այլ շեշտը կլինի տնտեսության զարգացման վրա, աշխատատտեղերի ստեղծման և նաև կենասմակարդակի բարձրացման վրա։ Այսինքն՝ բյուջե լցնելը ոչ թե այս փոքր տնտեսական դաշտում քերելով պետք է լցնել, այլ այդ դաշտը մեծացնելով, ավելի լայն հնարավորություններ ստեղծելով՝ ինքնաբերաբար արդեն բյուջեի հնարավորությունները մեծացնելով։ Այստեղ սկզբունքային գաղափարական մոտեցման էական տարբերություն կա։ Եվ դա հնարավոր է անել, երբ փոքր-միջինի հարկերն ես թեթևացնում, բանկերի տոկոսադրույքներն ես նվազեցնում, դրամավարկային և հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականություն ես վարում, ավելի ճկուն մոտեցում ես ունենում՝բացում ես Հայաստանը արտաքին ներդրումների, երաշխավորում ես այդ բոլորը: Այս բոլորը միասին բերում է իսկապես տնտեսական աճի։ Բարձրացնում ես աշխատավարձերը, թոշակները։ Այսինքն՝ ժողովրդի գնողունակությունն ես բարձրացնում։

Եվ վերջապես գալիս է երրորդ հարթությունը՝ դա միկրո հարթությունն է։ Այն է, որ ինչպես հաճախ ասվել է, իշխանափոխության դեպքում առաջին տարվա ընթացքում ամեն մի մարզում մի արտադրություն դնել, և ոչ թե կառավարությունը դնի, այլ մասնավորի միջոցով, կառավարության աջակցությամբ, հարկային արտոնություններով բոլոր հնարավորությունները ստեղծել, որ կոնկրետ այդ մարզի հումքերից ելնելով, որ տեղական հնարավորությունները օգտագործվեն, արտադրություն լինի, որը և աշխատատեղեր կստեղծի, և դա իսկապես տնտեսական խթանման առաջին քայլը կլինի։ Ահավասիկ, քաղաքական հարթությունում, տնտեսական հարթությունում այնքան անելիք կա, որ այս բոլորը, ես համոզված եմ, շատ արագ թղթի վրա կդրվեն, ժողովրդին կներկայացվեն։ Բայց այսօր մեր առաջնային խնդիրը մեր միասնական աշխատանքն է՝ իսկապես հասնել արմատական փոփոխությունների, իշխանափոխության, որպեսզի հնարավոր լինի այս ծրագրերը իրականացնել։

– Պրն Օսկանյան, այս պահին մենք Մոսկվայում ենք, և ես չեմ կարող չհարցնել Ձեզ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը Ձեր վերաբերմունքի մասին։ Ի՞նչ եք մտածում, չէ՞ որ ժամանակին Ձեր ամենահայտնի լոզունգներից էր, որ Հայաստանը վարում է կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն։ Այսօր կարծես թե այդ կոմպլեմենտարությունից բան չի մանցել։ Ի՞նչ վերաբերմունք ունեք, եթե Դուք լինեիք կա՛մ արտգործնախարար, կա՛մ ընդհանրապես իշխանության ներկայացուցիչը, ի՞նչ քայլեր կձեռնարկեիք։ Արդյո՞ք հնարավոր էր, որ Հայաստանը չանդամակցեր Եվրասիական միությանը։

– Հիմա հետադարձ հայացքով փորձել այդ բոլորը վերլուծել, ես կարծում եմ, որ ճիշտ չէ։ Բայց մի բան շատ ակնհայտ է, որ գործընթացը շատ սխալ տարվեց, իշխանությունները մի ճանապարհով գնացին, մեկ այլ տեղ հայտնվեցին: Ես չեմ ուզում ասել, որ վատ տեղ հայտնվեցին կամ լավ տեղ: Փաստ է, որ մենք հայտնվել ենք այստեղ, բայց, ակնհայտորեն, առաջին օրվանից իշխանությունների որդեգրած ուղղությունը, ճանապարհը, բոլորովին այլ էր, և դա տեսանելի էր բոլորի համար։ Նշանակում է՝ նրանք չգիտեին՝ ուր են գնում։ Կամ մի տեղ էին ուզում գնալ, մի այլ տեղ հայտնվեցին։ Հիմա հայտնվել ենք, որտեղ հայտնվել ենք, և սա, համենայնդեպս, որոշ տնտեսական հնարավորություններ է բացում Հայաստանի համար։ Հիմա որ այնտեղ ենք, մենք երկու խնդիր ունենք անելու։ Մեկը, որ տնտեսական, քաղաքական առումներով մեր ինքնուրույնությունը հնարավորին չափ շատ պահպանելով՝ կարողանանք լավագույնս օգտվել ընձեռված տնտեսական հնարավորություններից, և երկրորդ՝ այստեղ լինելով՝ Մաքսային միությունում՝ մենք մեր այլ հնարավորությունները չփակենք։

– Իսկ դա հնարավո՞ր է։

– Ես կարծում եմ՝ հնարավոր է, այստեղ ճկուն քաղաքականություն վարելու խնդիր կա: Այստեղ նորից կոմպլեմենտարության վերադառնալու հարց կա, ես կարծում եմ՝ արդեն որոշ սահմանափակումներով։ Եթե նախկինում մենք կոմպլեմենտարություն անում էինք՝ բոլորովին մեր ձեռքերը ազատ էին, հիմա Մաքսային միության շրջանակներում լինելով հանդերձ, այդ սահմանափակումը հաշվի առնելով՝ նորից կոմպլեմենտարության սկզբունքը պետք է հիմքում դրվի, առավել ևս՝ կասեի, որպեսզի մենք կարողանանք, այնտեղ լինելով հանդերձ, իրոք այլ ուղղություններից էլ մաքսիմում փորձենք օգտվել։ Հայաստանը կարիք ունի հնարավորինս բոլոր միջոցներից օգտվելու։ Մենք չենք կարող մեր օգտվելու հնարավորությունները սահմանափակել։ Հիմա, որպեսզի այդ բոլորը հնարավոր լինի, այնտեղ նախ պետք է լինի վճռականություն, փորձել հարաբերությունները դնել հավասարը հավասարի հիմունքների վրա, փոխադարձ վստահության և հարգանքի ճանապարհով կարողանալ այդ բոլորը իրականացնել, մի բան, որ այսօրվա իշխանություններին չի հաջողվել անել: Դա իսկապես բացակայում է՝ հատկապես հայ-ռուսական հարաբերություններում: Դա չկա։ Երկրորդ՝ Հայաստանը պետք է ավելի ամուր լինի ներսում, ավելի համարձակ զգա իրեն դրսում, որ կարողանա իմ ասած երկու ուղղություններով արդյունավետ աշխատել։

– Ըստ հայաստանցի փորձագետների` Եվրասիական միությանն անդամակցել ենք առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով, Ղարաբաղը նկատի ունեմ: Ձեր կարծիքով` կարո՞ղ է Հայաստանի անդամակցությունը Եվրասիականին որևէ ձևով ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

– Կարծում եմ ` ոչ: Գուցե նրանք ճիշտ լինեն, բայց նույնիսկ եթե դա ենթադրաբար ճիշտ է` մենք ուրիշի վրա երբեք չպետք է հույս դնենք, միայն մեզ վրա պետք է դնենք: Եվ Ղարաբաղի հարցի լուծումը իրոք հնարավոր է միայն, եթե Հայաստանը լինի ուժեղ պետություն` տնտեսապես զարգացող, քաղաքականապես կայուն, ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող մի երկիր, որին բոլորը հարգանքով են վերաբերվում: Միջազգային տարբեր ատյաններում չափազանց կարևոր է քո ազդեցիկ լինելը միջազգային թատերաբեմում, որի միջոցով հնարավոր կլինի քո արտաքին խնդիրները լուծել, շատ բանով կախված է, թե քեզ այդ կարևոր երկրները ինչպես են ընկալում: Այսօր մենք ընդհանրապես այդ հարգանքը, տեղն ու դերը, այդ թատերաբեմը կորցրել ենք: Դժվախտաբար դա այդպես է: Այնպես որ, շեշտը պետք է դնել դրա վրա, բանակի, տնտեսության, ժողովրդավարության, տնտեսությունը բացելու վրա, և միայն դրանից հետո հնարավոր կլինի ավելի արդյունավետ գործել: Ժողովրդավարությունը, հակակշիռները քաղաքական դաշտում շատ կարևոր խնդիրներ են:

Ղարաբաղի հարցում մի երևույթ կա, որ շատ բացասական հետևանքներ է թողնում: Փոխանակ ղարաբաղյան մեր հաղթանակները խթան լինեն երկրի ներսում արմատական փոփոխությունների գնալու, ճիշտ հակառակը, Ղարաբաղյան պատերազմի սպառնալիքը շահարկվում և օգտագործվում է` կանխարգելելու երկիրը բացելու, ավելի ժողովրդավար դարձնելու, տնտեսությունն ավելի բացելու համար, այսինքն` մենք գործընթացը լրիվ հակառակ ուղղությամբ ենք տանում. հաղթանակի վրա պետք է շեշտը դնել, ոչ թե պատերազմի սպառնալիքի և մեզ ինքնավախեցնելու գործընթացի մեջ մտնենք: Դա մեր հպարտությունն է, դա մեր խթանը պետք է լինի, որ ավելի համարձակ գործենք ամեն ինչում` ժողովրդավարության, տնտեսության, Սփյուռքի հետ հարաբերություններում, և ինչու չէ` նաև այլ երկրների հետ հարաբերություններում:

– Այսօր Հայաստանում իշխանափոխություն ասածը կարծես թե մեկ մարդու շուրջ է, խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է: Արդյոք նա այսօր ունի՞ տարաձայնություններ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

– Չէ, չէի ասի: Վերջիվերջո, երեք տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցություն կա այնտեղ, լիդերներին իրենց կամային հատկություններով անհատականություններ են, և իրենց մոտեցումնեում վստահ եմ` տարբերություններ կան: Սակայն կա մի բան, որ նրանց միավորում է` դա իրավիճակի փոփոխությունն է, արմատական փոփոխությունների հասնելն է, իշխանափոխության խնդիրը, որ բոլորի համար գերակա խնդիր է, մնացած բոլորը երկրորդական են դառնում: Հարցը հենց այդպես էլ ձևակերպվում է` սկզբում այս խնդիրը լուծենք, հետո կկարողանանք մյուս խնդիրները լուծել, որովհետև …

– Այսինքն, անցյալի շուրջ քննարկումներ չկա՞ն:

– Անցյալի շուրջ քննարկում չկա և դա առողջ չի լինի այս պահին: Բնականաբար, այս պահին, մեկը մյուսի նկատմամբ իր ռեսուրսներով, լիդերի առումով տաբերություններ ունի, և դա բնական է, այդպես էլ պետք է լինի, ոչ ոք չի կարող մյուսի հետ հավասար լինել: Կարևորն այն է, որ այդ բոլորը մի կողմ է դրվում, միասնականություն է ստեղծվում, և բոլորս հասկանում ենք, որ սա մի երկու կուսակցության գործը չէ, ժողովրդի խնդիրն է: Ժողովրդին համախմբելու համար այդ միասնականությունն անհրաժեշտ է: Ճանապարհը ճիշտ է ընտրված, գաղափարները ճիշտ են, նպատակը ճիշտ է, կա հստակ ծրագիր: Կարծում եմ` դատը և դրված խնդիրն արդար է, և ես համոզված եմ, որ իսկապես մոտ ապագայում արդյունքներ են լինելու:

– Երկու օր առաջ հայկական մամուլը գրել էր, որ հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դուք տեղեկություն ունե՞ք այդ հանդիպման մասին:

– Գիտեք` չէ, բայց պետք չէ դրանից իրադարձություն սարքել, եթե եղել է, ապա այդ մարդիկ նախկինում էլ են հանդիպել: Բայց կոնկրետ Ձեր նշած հանդիպման մասին տեղեկություն չունեմ և չեմ կարող որևէ բան ասել:

Մեկնաբանել