«Ժառանգությունը» եռյակից դուրս գալու խնդիր չի տեսնում

Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը: Նոյեմբերի 21, 2014:  Լուսանկարը` Ֆոտոլուրի: Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը: Նոյեմբերի 21, 2014: Լուսանկարը` Ֆոտոլուրի:

«Ժառանգությունը» խորհրդարանական երեք ուժերի համագործակցությունից դուրս գալու որևէ խնդիր չի տեսնում, և կարծում է, որ եռյակի համագործակցությունը կշարունակվի. դեկտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Միաժամանակ` նա կարևորեց եռյակի համագործակցության խորացումը:

«Անհրաժեշտ է սակայն, որ խորհրդարանական համագործակցության այդ ուժերը ժողովրդի առջև հուշագիր ստորագրեն՝ ասելու համար, թե որն է շարժման անունը, ինչ է դրա նպատակը, որոնք են այդ նպատակը իրացնելու միջոցները և նաև որոշումները կայացնելու մեխանիզմները։ Առանց դրա մենք շատ կդժվարանանք առաջ գնալու»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ մոտեցումները պետք է մշտապես հրապարակային լինեն:

Դիտարկմանը, թե արդյոք ձևավորված չեն եռյակի ծրագիրն ու նպատակները, «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Դուք էլ Հայաստանից լինելով՝ պետք է հասկանաք, որ մեկ-մեկ խոսքն ու գործը տարբերվում են: Ահագին գործ արվել է՝ փոխզիջումներ, փոխադարձ հարգանք, հանուն նպատակի, հանուն միասնական հրապարակի, բայց հիմա եկել է այդ խաչմերուկը, որ պետք է որոշենք, թե իրապես որն է մեր նպատակը։ Եվ մեր նպատակը պետք է լինեն միակարծության հիման վրա որոշումների ընդունումը, սահմանադրական Հայաստանը, ինքնիշխան Հայաստանը՝ ամբողջական իշխանափոխությամբ, ինչը նշանակում է ուղղակի իմաստով և սահմանմամբ նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններ։ Եվ հետո արդեն ժողովրդին պատկանող իշխանությունը թող որոշի, թե ինչ է անելու»:

Հովհաննիսյանը հավելեց, որ ցանկանում են սահմանադրական հեղափոխություն՝ սահմանադրության 2-րդ հոդվածի իրականացում [Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին – խմբ.] ՝ «առանց արյան, առանց ցնցումների» :

«Ես կողմ եմ անցնցում փոփոխությունների, մենք արդեն չունենք արյան շռայլություն, որ տանք, հատկապես մեր հայրենիքի ներսում։ Բայց կարծում եմ, որ ժողովուրդը, քաղաքացիությունը պահանջում է փոփոխություն և պատրաստ է նաև դիմակայության՝ դեմ դիմաց չընտրված իշխանություններին։ Եվ այդ դեմ դիմացը պետք է կայանա։ Ցավոք սրտի, հոկտեմբերի 24-ից [եռյակի երևանյան վերջին հանրահավաք – խմբ.] հետո այդ դեմ դիմացը չի կայացել»,- նկատեց Հովհաննիսյանը:

Ի դեպ` նոյեմբերի 21-ին հրավիրված ասուլիսում Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Ժառանգությունը» եռյակից առանձին հավաքներ է անելու:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` դեկտեմբերի 1-ի ասուլիսի տեսագրությունը` ստորև:

Մեկնաբանել