Ավարտվել է Օձունի տաճարի վերականգնումը

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում բացահայտվել են 6-րդ դարի քանդակների դրվագներ և կղմինդր, հին կենցաղի առարկաներ: Նախապատրաստական աշխատանքների ընթացքում բացահայտվել են 6-րդ դարի քանդակների դրվագներ և կղմինդր, հին կենցաղի առարկաներ:

Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի Սբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: «Օձունի վերածնունդ» ծրագրի տարածած հաղորդագրության համաձայն` կատարող «ԼևԳուկ» ընկերությունն ուժեղացրել է շինությունը ներքին ամրացման մեթոդով՝ սահմանափակելով արտաքին տեսքի միջամտությունը թռուցիկ շտկումներով:

«Մենք ավելի շուտ հնագույն տաճարի բուժմամբ էինք զբաղված, քան նորոգմամբ: Ջանում էինք նվազագույնս խառնվել շենքի կառույցին, որպեսզի պահպանվի նրա ճարտարապետական և պատմական արժեքը», – ասել է «ԼևԳուկի» գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը:

Նրա խոսքով` ներքին ամրացման մեթոդների մշակմանը մասնակցել են հայ լավագույն ճարտարագետները և Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնագետները: Աշխատանքի ընթացքում կիրառվել են ապակեմանրաթելային ճոպաններ և գործվածքներ, որոնց միջոցով ամրացվել են գմբեթը, վեղարը և որմերը:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում բացահայտվել են 6-րդ դարի քանդակների դրվագներ և կղմինդր, հին կենցաղի առարկաներ: Բացի այդ` վեղարի տակ պահպանվել է գինու շիշ՝ Աբովյան եղբայրների միջոցներով 1889թ. իրականացված վերանորոգման արդյունքների մասին գրությամբ: Փաստաթուղթը փոխանցվել է Մատենադարան` վերականգնման և ուսումնասիրման համար:

«Նման վերականգնում իր ծավալով և տեխնիկական լուծումներով Հայաստանում դեռ չէր եղել: Հաջողվեց փրկել և ժառանգների համար պահպանել մեր պատմաճարտարապետական գլուխգործոցը»,- ասել է «Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Արմեն Դավթյանը:

Տաճարի վերականգման միջոցները տրամադրել է ծագումով Լոռու տարածաշրջանից, մոսկովյան գործարար Մովսես Ձավարյանը:

Օձունի եկեղեցին կանգուն է շուրջ 15 դար: Մինչ վերականգնումը` կառույցին մսպառնում էին ճեղքերը և տանիքին ու որմերի վրա աճած բույսերի արմատները: Երկրաշարժավտանգ այս տարածքում մեծ էր տաճարի փլուզման հավանականությունը: