Ռուբլու վատագույն անկումը 1998-ից ի վեր

euroՄոսկվայի բորսայում դեկտեմբերի 1-ին դոլարի փոխարժեքը աճել է 1,94 ռուբլիով՝ մինչև 52,34 ռուբլի։ Եվրոյի փոխարժեքը նույն ժամի դրությամբ աճել է 2,3 ռուբլիով և կազմել է 65,2 ռուբլի։ Սա վատագույն ցուցանիշն է 1998թ․ ճգնաժամից ի վեր։

Ինչպես գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը, Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ դեկտեմբերի 2-ի համար սահմանած դոլարի պաշտոնական փոխարժեքն աճել է 2,48 ռուբլիով՝ մինչև 51,80 ռուբլի։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքն աճել է 3 ռուբլիով՝ մինչև 64,44 ռուբլի։ Երկարժույթ զամբյուղի արժեքն աճել է 2,73 ռուբլիով՝ մինչև 57,49 ռուբլի։ Դեկտեմբերի 1-ի առևտրաշրջանի ընթացքում՝ ժամը մոտ 15։00-ին, դոլարի փոխարժեքը գերազանցում էր 53 ռուբլին, եվրոյինը՝ 66 ռուբլին։

Միայն նոյեմբերի ընթացքում ռուբլին դոլարի նկատմամբ էժանացել է 19%-ով, տարվա սկզբից՝ 34%-ով․ սա 24 զարգացող երկրների արժույթների շարքում վատագույն ցուցանիշն է, փաստում են Bloomberg-ի տվյալները։

Ռուբլու արժեզրկումը էժանացող նավթի հետևանք է, կարծում է Bank of America Merrill Lynch կորպորացիայի տնտեսագետ Վլադիմիր Օսակովսկին։ «Եթե նավթը հունիս ամսվա $115/1 բարել-ից էժանացել է մինչև $70 նոյեմբերին, շատ բան հնարավոր չէ անել»,- ասել է Citigroup-ի տնտեսագետ Իվան Չակարովը։

Բրիտանական Financial Times-ը նշում է, որ ռուբլու ներկա անկումը վատագույնն է Ռուսաստանի 1998թ․ ֆինանսական ճգնաժամից և դեֆոլտից ի վեր։ «Ռուսական արժույթի օգտին չէ կապիտալի արտահոսքը, որը խորացել է պատժամիջոցների հետևանքով, սակայն վերջին ժամանակներս ռուբլու անկումը պայմանավորված է հիմնականում նավթի գների անկմամբ»,- նշում է Financial Times-ը։

Պարբերականը մեջբերում է հարավաֆրիկյան Standard Bank-ի վերլուծաբան Թիմոթի Էշի խոսքը, որը հեգնում է՝ ասելով, թե Ռուսաստանի Կենտրոնական բանկը, ամենայն հավանականությամբ, «շփոթել է ռուբլու «լողացող փոխարժեքը» «ազատ անկման» հետ։

Նավթի գներն անկում են ապրում՝ սկսած ամառվանից, իսկ ՕՊԵԿ-ի՝ նավթի արդյունահանման քվոտան պահպանելու նոյեմբերի 27-ի որոշումից հետո նավթի գնանշումներն անկում ապրեցին էլ ավելի արագ։ Դեկտեմբերի 1-ին նավթի գները թարմացրել են հնգամյա նվազագույն ցուցանիշի ռեկորդը։ Brent տեսակի նավթի մատակարարման հունվարյան ֆյուչերսը էժանացել է 2,64%-ով՝ մինչև $68,3/1 բարել, WTI-ը՝ 2,43%-ով՝ մինչև $64,54/1 բարել։ Նավթի գների այսչափ շեշտակի անկումն ամենազգալին է 2008թ․ ֆինանսական ճգնաժամից ի վեր։

Անցյալ շաբաթվա վերջին Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերահաստատեց պատրաստակամությունը՝ ֆինանսական կայունությանը սպառնալիքի դեպքում սկսել արժութային միջամտություններ։ Այս տարվա ընթացքում գլխավոր դրամատունն արդեն ծախսել է $90 մլրդ՝ ռուբլու արժևորման համար․ դա մոտավորապես կազմում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 4,5%-ը։ Bloomberg-ի կողմից հարցված 23 տնտեսագետ ակնկալել էր, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կմիջամտի 50 ռուբլի/1 դոլարի դեպքում։