Երևանի աղբահանությամբ կզբաղվեն լիբանանցիներն ու շվեդները

20b581fdcf3c7651b064636b3509b39d6225a059Երևանում նոր աղբավայր կկառուցվի, և կկանոնակարգվի աղբահանության գործընթացը: Այս նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան Sanitek s.a.r.l ընկերությունը դեկտեմբերի 1-ին տվել է համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը: Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընկերությունը ներակայացրել է աղբահանության նոր՝ եվրոպական մեքենասարքավորումները ու գերմանական աղբամանները:

Դեռևս 2012թ. հայտարարված միջազգային մրցույթին 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013թ նտրվել են երկուսը՝ Երևանի արևմտյան հատվածով՝ Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ, լիբանանյան Sanitek s.a.r.l ընկերությունը, և արևելյան հատվածով՝ Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ, հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը:

Sanitek s.a.r.l ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մադլեն Էլ Բոլբոլի խոսքով՝ 10 մլն եվրոյի ներդրում է կատարվել, և կիրականացվի ինչպես աղբահանություն, այնպես էլ սանմաքրման աշխատանքներ:

«Ներկայում ունենք 150 աշխատակից, բայց այդ թիվը դեռևս աճելու է և հասնի մինչև 300-ի: Միջին աշխատավարձը սահմանել ենք 500 դոլարին համարժեք դրամ: Առայժմ մեր աշխատանքների մեկնարկը տալիս ենք Կենտրոն վարչական շրջանից, բայց որոշ ժամանակ հետո մենք հետզհետե կանցնենք պայմանագրով մեզ վերապահված մյուս վարչական շրջաններ», ասել է Մադլեն Էլ Բոլբոլը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է, որ ծառայությունների մատուցումից հետո բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը չի փոխվելու:

Նոր աղբավայրի կառուցման և հին՝ Նուբարաշենի աղբավայրի մեկուսացման բնապահպանական ու սոցիալական ազդեցության ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները ներկայացվել էին հոկտեմբերի վերջին: Դրանք իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև համագործակցության շրջանակում՝ ավստրիական Bernard Ingenieure խորհրդատվական ընկերության կողմից:

Բնապահպան Կարինե Դանիելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ Երևանում նոր աղբավայրի կառուցումը վաղուց է հասունացել: Նրա խոսքով՝ նոր աղբավայրի նախագիծն իր համար ընդունելի է, սակայն այն դեռ թղթի վրա է և հարց է՝ որքանով կիրականցվի:

Մեկնաբանել