Մայր Աթոռը քննադատում է Երուսաղեմի հայոց պատրիարքի վարքագիծը

Nurhan-Manoogian_Garegin-BՄայր Աթոռն անըդնունելի է համարում Երուսաղեմի հայոց պատիրարք Նուրհան արքեպիսկոպոսի որդեգրած ընթացկարգը: Այս մասին ասված է Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է խորհրդի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած ժողովին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ:

«Մեր մտահոգությունն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունով Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակի առնչությամբ, որն օրեր առաջ տարածվեց համացանցով:

Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարում Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, ով եկեղեցականին անհարիր բառապաշարով ու ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ եկեղեցու վարկին և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն հայոց կաթողիկոսին, Եկեղեցական ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին: Ցավալի է, որ պատրիարքի կողմից շրջանառության մեջ են դրվում հորինված մեղադրանքներ, մասնավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Երուսաղեմի պատրիարքությունը թեմի վերածելու վերաբերյալ:

Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին պատրիարքական բարձր հանգամանքից ակնկալվող ողջախոհությամբ անդրադառնալու Իջման Սուրբ Սեղանի առջև կատարած իր հավատարմության ուխտին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն հայոց հայրապետը` լծվելով իր առաքելության իրականացմանը»,- ասված է Մայր Աթոռի մամլո դիվանի տարածած հայտարարությունում։

Նուրհան Մանուկյանի՝ կաթողիկոսին ուղղված նամակը լրատվամիջոցներում հրապարակվել էր նոյեմբերի 28-ին: Նամակում արքեպիսկոպոսը նշում է, որ սեպտեմբերին Մայր Աթոռում տեղի ունեցած Ներկայացուցչական ժողովին «արտահայտվել է Երուսաղեմի պատրիարքարանը թեմի վերածելու» տեսակետը: Նա նշել է նաև, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Երուսաղեմի և Պոլսի հայոց պատրիարքարանները չեզոքացնելու փորձ է արել»:

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը 2013թ. օգոստոսին նամակ էր հղել Գարեգին Բ-ին, որում իր տարակուսանքն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ:

Նուրհան Մանուկյանը Երուսաղեմի 97-րդ հայոց պատիարքն է, և ընտրվել է 2013թ. հունվարին: