Հոգեդհոլը

artashes geghamyan khosrov harutyunyanԱրտաշես Գեղամյանի մասին բոլոր հնարավոր բաներն արդեն մտածել ենք: Բայց քանի դեռ նա չի լռում, շարունակենք մտածել: Այս մարդը երեկ Ազգային ժողովում ասել է՝ եթե 131 հոգուց երեք հոգի է ստորագրել (Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագծի տակ-Մ.Ա.), ուրեմն Սերժ Սարգսյանը օգտվում է լիարժեք վստահությունից ԱԺ կողմից (թուուու, հո հայերեն չի): Հասկացա՞ք՝ ինքը սիրում է Սերժ Սարգսյանին: Որովհետև ի՞նչ կապ ունի, որ չեն ստորագրել: Եթե հարևանս Հռոմի էս մի Պապին ավելի շատ է սիրում, քան Ամենայն Հայոց էս մի կաթողիկոսին, ուրեմն կաթոլի՞կ է: Կամ` եթե կենդանիները սխալվում են, չի նշանակում, թե մարդ են: Նրանց սխալն ի գիտություն կընդունվեր, եթե ունենային ընտրության հնարավորություն: Կամ` եթե աշխատանք ունեցող բոլոր հղիները չեն դժգոհել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրինագծից, ուրեմն կո՞ղմ են դրան: Ես կին գիտեմ, որի ցավերը ժամկետից շուտ սկսվել են հենց օրինագծի հետ առաջին իսկ «մերձեցումից» հետո: Ցավերը նահանջել են, երբ գործատուն երաշխիքներ է տվել, որ նրա «կոպեկներին» չի կպնելու: Հետո պարզվել է, որ ներվային սպազմ է այդ կնոջը պատուհասել:

Գրեթե բոլոր հայերին ծանոթ է «կուրծք ծեծել» արտահայտությունը: Գեղամյանը կուրծք է ծեծում բոլորովին դատարկ տեղը: Էդ դատարկ տեղը, շատ չզարմանաք, նրա սերն է Սերժ Սարգսյանի հանդեպ, որը տարիներ առաջ հարվածային «տիտղոսներ» էր շռայլում պարոն Գեղամյանի հասցեին: Հիմա մեր երեսփոխանն ասում է, որ եթե Լևոն Զուրաբյանը չի միացել Նիկոլ Փաշինյանի նախագծին, ուրեմն վստահում է Սերժ Սարգսյանին: Այսինքն, եթե Լևոն Զուրաբյանը հենց Գեղամյանի ելույթի պահին չի պահանջում ՀՀԿ ղեկավարի հրաժարականը, ուրեմն վստահում է նրան: Ինչ ուզում եք ասեք, չգրված սերը գրվածից տարողունակ է: Որովհետև գրվածը քարանում է էջերի մեջ, չգրվածը թեթև է ու թևավոր, գրեթե նույնը գրված է Պողոս Առաքյալի էջերում:

Ռուսական ասացվածքն ասում է`այդպիսի շուրթերով կարելի էր մեղր խմել: Բայց երբ խոսում եք Սերժ Սարգսյանի հանդեպ վստահությունից, կներեք, որտեղի՞ց եք նայում: Դուք կարո՞ղ եք ԱԺ-ում ցույց տալ մեծամասնականով անցած գոնե կես հանրապետականի, որը անկեղծորեն գիտի, թե քանի ձայնով է հաղթել իր մրցակցին: Չեք կարող: Ուրեմն, ի՞նչ կապ ունի, թե քանիսը չեն միացել Նիկոլ Փաշինյանի նախագծին: Եվ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է հետ վերցնում իր ստորագրությունը, ավելին, աջ ու ձախ հայտարարում է, որ «ամբաստանյալը» լեգիտիմ է և 2008-ին, և 2013-ին, դրանից Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերը վերանու՞մ են: Ո՛չ, պարոն Գեղամյան: Ո՛չ, այ մարդ: Գնա ձեր տուն և ում ուզում ես հայտարարիր վստահության արժանի: Եթե պետությունդ պատերազմական դրության մեջ չէ, ուրեմն չի կարող վստահության էդ աստիճանի ռեսուրս ունենալ մի մարդ, որը երևի ավելի շատ ընտրություններ է կեղծել Հայաստանում, քան ԿԸՀ բոլոր նախագահները միասին վերցրած: Որովհետև ինքը գյուղ առ գյուղ է կեղծել: Նրա կատարած կեղծիքները, ներքին քաղաքականության մեջ նրա ֆավորիտները (Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան) ոչ միայն պետության դիմադրողականությունն են ոչնչացրել, այլև հասկացություններն են արժեզրկում:

Հայտնի արտահայտություն կա՝ ոչ միայն հացիվ: Էս միտքն իրեն պատեպատ է տալիս, որովհետև ինքը նախնական վիճակից վերջնական վիճակի հասնելու ներքին իրականություն ունի: Արտաշես Գեղամյանն էս ներքին իրականությունը փչացրել է: Նա էս մտքի միջից քաշել է էվոլյուցիոն ցուցքը, ըստ որի՝ առանց հացի միտքը ոչինչ է, սակայն հենց միտքը աշխատում է, այն չի կարող լինել միայն հացի մասին: Ինչպե՞ս վարվել, երբ գրեթե բոլոր լրատվամիջոցները գրեթե հաղթական նոտայով արձանագրել են Արտաշես Գեղամյանի «բացահայտումը»: Հոգեբանական ցնցումներ պետք չեն: Պարոն Գեղամյանն արել է մի բան, որը նրան կայծակնային անցողիկ է դարձրել ընդհանուր իրականության մեջ: Հայտնի բան է`մարդու համար մեծագույն գայթակղությունը ինքն իրենից ինչ-որ բան ներկայացնելն է: Եթե դա արտահայտվում է ներքին մարտահրավերների շրջանակներում, դրա պայթյունից կարող է նույնիսկ Առաքյալ ծնվել, եթե այն որպես արտաքին մարտահրավեր է գալիս ու պայթում է որպես արտաքին մարտահրավեր, դառնում է դատարկ դհոլ: