Ռուսաստանը իջեցնում է գազի գինը Թուրքիայի համար

Պուտինը` Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսին, Անկարա, դեկտեմբերի 1, 2014թ.: Պուտինը հայտարարել է, որ «Հարավային հոսք» նախագիծը դադարեցնում են եվրոպացի գործընկերների պատճառով։

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել Անկարայի համար 6%-ով գազի գնի իջեցման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը դեկտեմբերի 1-ին պետական այցով ժամանել է Թուրքիա։

«Նախագահ Էրդողանի հետ պայմանավորվել ենք այն մասին, որ մեր թուրք գործընկերների խնդրանքով թուրք սպառողների համար երկնագույն վառելիքի գինը կիջեցնենք 6%-ով»,- ասել է Պուտինը Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

Ներկայում Թուրքիան ռուսական գազը գնում է $425/1000 խմ գնով։ Նոյեմբերին Անկարան ռուսական գազային հսկա «Գազպրոմին» գազի գնի իջեցման դիմում էր ներկայացրել։

Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսքից»

Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը մասնակցությունից։

Ռուսաստանի նախագահն իր որոշումը բացատրել է եվրոպացի գործընկերների հետ առկա դժվարություններով և դժգոհել է նրանցից։ «Հաշվի առնելով Եվրահանձնաժողովի դիրքորոշումը, որը չի նպաստում այս նախագծի իրականացմանը, հաշվի առնելով այն, որ մենք ընդամենը վերջերս ենք ստացել Նիդեռլանդների համապատասխան ատյանի որոշումը, ճիշտ է՝ դրական որոշումը, հաշվի առնելով այն, որ մինչ այժմ չկա Բուլղարիայի թույլտվությունը՝ Ռուսաստանն այս պայմաններում չի կարող շարունակել այս նախագծի իրականացումը»,- նշել է նա։

«Այժմ հարկ է զարկ տալ Սև ծովում խողովակաշարերի համակարգի կառուցմանը, սակայն չի կարելի շինարարությունը սկսել՝ առանց Բուլղարիայի թույլտվության, սկսել շինարարությունը ծովում, մոտենալ Բուլղարիայի ափին և կանգ առնել՝ դա պարզապես անհեթեթ է»,- ասել է Պուտինը։

Վերջին երեք տարիներին ռուսական գազային հսկա «Գազպրոմը» «Հարավային հոսքը» ֆինանսավորել է գրեթե կիսով չափ՝ $4,66 մլրդ-ի։ Ընդ որում՝ ընթացիկ տարում ներդրումները, համեմատ նախնական ծրագրի, ավելացվել էին գրեթե 80%-ով՝ մինչև 135 մլրդ ռուբլի։

«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը նույնպես հայտարարել է, որ «Հարավային հոսք» նախագիծը փակված է և չի վերաբացվի։ Միլլերի խոսքով՝ «Գազպրոմը» սևծովյան գազատարը Բուլղարիայից Թուրքիա կուղղի։

Նա նշել է, որ որոշումն ընդունվել է, երբ պարզ է դարձել, որ «Հարավային հոսք» նախագիծն արգելափակվում է և չի կարող իրականացվել ծրագրված ժամկետներում։ «Գազպրոմը» թուրքական Botas ընկերության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Սև ծովով տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ գազատարի կառուցման վերաբերյալ։ Դրանից 14 մլրդ խմ գազը նախատեսված է Թուրքիա մատակարարման համար. սա այն ծավալն է, որը ներկայում մատակարարվում է բալկանյան միջանցքով։ Մնացած մոտ 50 մլրդ խմ գազը կմատակարարվի Թուրքիայի և Հունաստանի սահման, որտեղ գազի այս ծավալների համար կգործի հանձնման կետ, պարզաբանել է Միլլերը։

«Հարավային հոսք» գազամուղը ռուս-իտալա-ֆրանս-գերմանական նախագիծ էր, որը պետք է ձգվեր Սև ծովի հատակից մինչև Բուլղարիայի Վառնա նավահանգիստ, որտեղից նրա երկու ճյուղերը Բալկանյան թերակղզով պետք է անցնեին Իտալիա և Ավստրիա, թեև դրանց հստակ երթուղիներն այդպես էլ չէին հաստատվել։ Գազամուղի շինարարությունը սկսկվել էր 2012թ.։ Ավարտը նախատեսված էր 2015թ.։ Թողունակությունը պետք է կազմեր տարեկան 63 մլրդ խմ: Նախագիծը գնահատվում էր 16 մլրդ եվրո։

Օգոստոսին «Հարավային հոսք Բուլղարիա» ընկերությունը Եվրահանձնաժողովի կարգադրությամբ դադարեցրել էր Բուլղարիայի տարածքում «Հարավային հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ պայմանագրերի կնքումը։

Մեկնաբանել