Թուրքիայում հայկական գերեզմաններից ևս մեկը՝ գոմի վերածման շեմին

Varagavank2Վանի նահանգի Յեդիքիլիսե [թարգմանաբար «Յոթ եկեղեցի», այսպես թուրքերն անվանում են Վասպուրականի ամենահռչակավոր եկեղեցիներից մեկը` Վարագավանքը և հարակից տարածքը – ՍիվիլՆեթ] բնակավայրում հայկական գերեզմանատան վրա գոմ է կառուցվելու: Ըստ քրդական bestanuce1.com կայքի` նման որոշում է կայացրել Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD):

Գերեզմանը զբաղեցնում է շուրջ 20 հազ. ք/մ տարածք: Տարիներ շարունակ գերեզմանի կողոպուտից հետո էլ այստեղ որոշ գերեզմանաքարեր են պահպանվել:

Կայքի հաղորդմամբ` հայկական գերեզմանատան քարերի մի մասը գողացել են, մի մասն էլ օգտագործվել է ախոռ, պահեստ կամ տուն կառուցելու նպատակով:

Դեռ 2011թ.՝ Վանի  երկրաշարժից հետո, AFAD-ի որոշմամբ՝ գերեզմանոցի որոշ մասերում բնակարան կառուցելու նպատակով աշխատանքներ էին սկսվել: AFAD-ն ու շրջանի ղեկավարությունը վերջերս համաձայնության են եկել գերեզմանատան տեղում գոմ կառուցելու շուրջ:

Կայքը տեղեկացնում է նաև, որ գյուղի բնակիչները դեմ են գերեզմանատան տեղում գոմի կառուցմանը:

«Հայերից հետո այս գյուղում մենք ենք հաստատվել, մինչև երկու մետր բարձրություն ունեցող գերեզմանաքարերը քանդել ու օգտագործել ենք տուն, գոմ կառուցելու համար: Սակայն այդ օրվանից ի վեր թույլ չենք տվել, որ որևէ մեկը գերեզմանին վնաս տա. այժմ էլ ստորագրահավաք ենք անցկացնում նախագծի դեմ»,- պատմում է Վարագավանքի պահակ Մեհմեթ Չոբանսուն:

Կայքը դիմել է  Վանի նահանգի Մշակույթի և տուրիզմի վարչությանը, որն ի պատասխան հայտարարել է, որ  հայկական գերեզմանատան տարածքը հնագիտական վայր է. այնտեղ որևէ բան չի կառուցվելու,  գերեզմանաքարերն էլ երբեք չեն թալանվել: Մինչդեռ AFAD-ը խուսափել է որևէ հստակ պատասխան տալուց:

Քրդական կայքը տեղեկացնում է նաև, որ Թուրքիայում ամենուրեք իրականացվում է հայկական գերեզմանների ոչնչացման քաղաքականություն ու վկայակոչում Լոզանի պայմանագիրը, ըստ որի՝ Թուրքիան պարտավորվում է պահպանել փոքրամասնություններին պատկանող պաշտամունքային վայրերը:

Թուրքիայում մինչև օրս տարածված է հայերի ոսկիները փնտրելու տենդը: Գանձագողերը ոսկի գտնելու նպատակով քանդում են հայկական եկեղեցիներն ու գերեզմանները:

Գանձագողերի մասին ավելին՝ ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութում: