IBM-ը Հայաստանում սոցիալական ոլորտի տեխնոլոգիական կենտրոն կստեղծի

Hushagri storagrum2Հայաստանում կստեղծվի սոցիալական ոլորտի տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն: Ամերիկյան «Այ Բի Էմ» (IBM) ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեկտեմբերի 2-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների և հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները և մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Կիրիլ Կորնիլևի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի և ընկերության միջև երկարատև բիզնես համագործակցության հաստատման փաստը, քանի որ այն առաջադրում է սոցիալական ծառայությունների ավտոմատացման համապարփակ լուծումներ, որոնք սոցիալական ոլորտում էական առաջընթաց կապահովեն՝ պարզեցնելով տեղեկատվության տարբեր աղբյուրների և վերլուծությունների հասանելիությունը, ինչպես նաև կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ կմշակեն առավել հեռանկարային ծառայություններ։ Այն նաև հնարավորություն կտա ապահովել սոցիալական ծառայությունների ինտեգրումը քաղաքացիներին և բարձրորակ ծառայությունների մատուցումը:

IBM ընկերությունը սոցիալական ոլորտի տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատարներից է: IBM-ի «ԿՈՒՌԱՄ» սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով ներկայում առաջնակարգ ծառայություններ են մատուցվում Կանադայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իռլանդիայում և եվրոպական այլ երկրներում:

Մեկնաբանել