Պուտինը Դումա է մտցրել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

eurasian-economic-unionՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի վավերացման մասին օրինագիծը, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։

«Վավերացնել Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ․ մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2014թ․ հոկտեմբերի 10-ին Մինսկում»,- ասված է փաստաթղթում։

Դեկտեմբերի 2-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի վերաբերյալ քննարկումներ են ընթանում նաև Հայաստանի Ազգային ժողովում։ Դեկտեմբերի 1-ին և 2-ին խորհրդարանի  դիմաց մի քանի տասնյակ քաղաքացի բողոքի ակցիաներ է անցկացրել ընդդեմ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու։

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։ Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների խորհրդարաններում կվավերացվի մինչև հունվարի 1-ը։