Թուրքիայում երեխաները բողոքել են Պուտինի այցի դեմ

Ցույցերի մասնակիցները սերում են կովկասյան ընտանիքներից: Ցույցերի մասնակիցները սերում են կովկասյան ընտանիքներից:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում թե՛ Անկարայում, թե՛ Ստամբուլում բողոքի ցույցեր են տեղի ունեցել:

Anadolu թուրքական պետական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում ցույց են կազմակերպել կովկասյան տարածաշրջանից, այդ թվում՝ Չեչնիայից եկած երեխաներ: IMKANDER հասարակական կազմակերպության [Թուրքիայում գործող ՀԿ, որի նպատակն է Չեչնիայի համար մարդասիրական օգնության կազմակերպումը – ՍիվիլՆեթ] դպրոցներում սովորող չեչեն, դաղստանցի, ինչպես նաև թաթար մոտ 50 երեխաներ բողոքի ցույց են անցկացրել` հետևյալ կարգախոսներով՝ «Զավթի՛չ Ռուսաստան, հեռացի՛ր Չեչնիայից», «Պուտին` մանկասպան», «Չե՛նք ենթարկվելու», «Զավթի՛չ Ռուսաստան, հեռացի՛ր Կովկասից» և այլն:

IMKANDER-ի նախագահ Մուրադ Օզերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ցուցարար երեխաները Թուրքիայում ապաստանած կովկասցի ընտանիքներից են սերում:

Անկարայում ցույցը կազմակերպել են «Ղրիմի թուրքերի մշակույթի և փոխօգնության ընկերության» անդամները` բողոքելով Ռուսաստանի՝ «Ղրիմի նկատմամբ քաղաքականության դեմ»: Նրանք պարզել են պաստառներ՝ «Ռուսաստա՛ն, ձեռքերդ հեռո՛ւ Ղրիմից», «Զավթի՛չ Ռուսաստան, հեռացի՛ր Ղրիմից» գրություններով: Բողոքի ակցիային մասնակցել է նաև Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Նեջաթի Օզենսոյը: Ցուցարարներն ասել են, որ երբեք «չեն հրաժարվի իրենց հայրենի Ղրիմից»:

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Թուրքիա՝ 2010թ. ստեղծված ռուս-թուրքական Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի (ԲՄՀԽ) հինգերորդ նիստին մասնակցելու նպատակով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից և ռուս-թուրքական բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է, որ Անկարայի համար 6%-ով գազի գնի իջեցման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը մասնակցությունից։

Մեկնաբանել