Կրթասրահ՝ Հացիկի երեխաների համար

IMG_9857ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքում բացվել է Հայաստանում 4-րդ ստեղծագործարանը` տեխնոլոգիաների արդի պահանջներին համապատասխանող կրթասրահը: Արմավիրի մարզի Հացիկ համայնքի երիտասարդների համար ստեղծվել են բոլոր պայմանները՝ էլեկտրոնային գրատախտակով ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցված ուսումնական սենյակի ծառայություններից օգտվելու համար, հաղորդում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից:

Նման ստեղծագործարանների արդեն բացվել են Արմավիրի մարզի Սարդարապատ և Վանանդ, ինչպես նաև Արագածոտնի մարզի Արտենի համայնքներում:

Նորաբաց կրթասրահում ստեղծված պայմանները խթանում են երեխաների շրջանում ստեղծագործականության հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, թույլ տալիս իրականացնել բազմանպատակ գործունեություն և աշխատանքների այնպիսի համադրում, ինչպիսիք են համակարգչի օգտագործումն ու տեխնոլոգիաների կիրառմամբ դասերը, քննարկումներն ու դասախոսությունները, ստեղծագործ ու ինտելեկտուալ խաղերը։

Նշենք, որ ներկայումս ավարտին են մոտենում հիմնադրամի կողմից իրականացվող Հացիկի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, արդեն կառուցվել և գործում են դպրոցական ճաշարանն ու ատամների մաքրման կայանը, Հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի շրջանակներում Հացիկում սոցիալական ծառայություններ են մատուցվում սոցիալական աշխատողի կողմից:

2014-ին  ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ հիմնադրամը ևս երկու ստեղծագործարան շահագործման կհանձնի Լոռու մարզում, իսկ հաջորդ տարվա առաջին եռամսյակում՝ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում: