Վարդան Պետրոսյանի գործում ավտոտեխնիկական նոր փորձաքննություն չի անցկացվի

Դատախազի խոսքով` նոր փորձաքննության անհրաժեշտություն չկա, քանի որ «այն նոր հանգամանքներ չի բացահայտելու»։ Դատախազի խոսքով` նոր փորձաքննության անհրաժեշտություն չկա, քանի որ «այն նոր հանգամանքներ չի բացահայտելու»։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 2-ին շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը։ Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն առարկեց նախորդ դատական նիստին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած միջնորդությանը, որով առաջարկվում էր դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակել: Դատախազի խոսքով` նոր փորձաքննության անհրաժեշտություն չկա, քանի որ «այն նոր հանգամանքներ չի բացահայտելու»։

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը ևս նշեց, թե չկան բավարար հիմքեր կրկնակի ավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու համար։ Բալոյանը հայտնեց նաև, որ անցած շաբաթվա ընթացքում ինքը հանդիպել է մահացած երկու երիտասարդների ծնողներին` նրանց առաջարկելով հաշտության եզրեր գտնել Վարդան Պետրոսյանի հետ։

«Անկախ ամեն ինչից` ես ողջունում եմ տուժող կողմի հաշտության որոնումները, որդեկորույս ծնողների ցավը վեր է փաստաթղթային և այլ հարցերից, ես իմ կողմից պատրաստ եմ անել ամեն ինչ հաշտության համար»,- ասաց Վարդան Պետրոսյանը։

Վերադառնալով խորհրադակցական սենյակից` դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժեց կրկնակի փորձաքննության միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 5-ին` ժամը 14։00-ին։

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

Դատական նիստի ամբողջական լուսաբանմանը կարող եք ծանոթանալ ավելի ուշ` ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութում:

Մեկնաբանել