Եղվարդի մանկապարտեզում արգելված սննդամթերք է տրվել երեխաներին

Եղվարդի մանկապարտեզում թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ընկերության արտադրության նրբերշիկ: Եղվարդի մանկապարտեզում թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ»-ի արտադրության նրբերշիկ:

Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին տեղի ունեցած թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ընկերության արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանին, որ առողջապահության նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն, ասված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) հաղորդագրությունում։ Ծառայության պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ընկերությունում ստուգումներ իրականացնել։

Մանկապարտեզում առկա սննդամթերքից լաբորատոր փորձաքննության են ենթարկվել կարագը, պանիրը, ձուն, հավի և տավարի միսը։ Այս սննդատեսակների անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։ Տոմատի մածուկի և խտացված կաթի լաբորատոր փորձաքննություններն ընթացքի մեջ են։

«ՍԱՊԾ-ի կողմից ուսումնասիրվել են մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները։ Պարզվել է, որ մատակարարները Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարծ նույն սննդից մատակարարել են նաև այլ մանկապարտեզներ («Հայկազունք» ՍՊԸ-ն՝ Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներ, «Հակ-Մակ» ՍՊԸ-ն՝ Դարակերտի, Նորաբացի, Փարաքարի, Թաիրովի, Նոր Հաճնի մանկապարտեզներ, «Հելթի-Ֆուդ» ՍՊԸ-ն՝ Նոր Գեղիի մանկապարտեզ): Սակայն, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզից բացի, վերոնշյալ մանկապարտեզներում թունավորման դեպք չի արձանագրվել: Տրվել են կասեցման կարգադրագրեր բոլոր ընկերություններին՝ մանկապարտեզներ սննդամթերք չմատակարարելու վերաբերյալ»,- ասված է ՍԱՊԾ հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ:

Նոյեմբերի 28-ի դրությամբ, քննության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել էր 54 երեխա։

Դեկտեմբերի 1-ի դրությամբ` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվում է 24 երեխա և 2 մեծահասակ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ 18 և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ մեկ երեխա։ Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 երեխա։

Մեկնաբանել