Հենրիխ Մխիթարյանը ձմռանը կարող է տեղափոխվել Լիվերպուլ

henrikh-mkhitaryan-542801

Անգլիական «Լիվերպուլը» կրկին հետաքրքրված է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Daily Express-ը։ Աղբյուրի տվյալներով՝ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այլևս անվերապահորեն չի վստահում Մխիթարյանին, ինչը կարող է նպաստել հնարավոր տրանսֆերին։

Հիշեցնենք, որ դեռ 2013 թ. էր «Լիվերպուլը» փորձում պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ, սակայն Մխիթարյանն ու նրա գործակալը բազմաթիվ առաջարկներից ընտրեցին «Բորուսիայինը»: Արդյունքում, դորտմունդցիներն իրենց համար ռեկորդային գործարք իրականացրին` Հենրիխի համար Դոնեցկի «Շախտյորին» վճարելով 27.5 մլն Եվրո:

Daily Express-ը նշում է, որ Մխիթարյանը նոր ակումբում առաջին մրցաշրջանը գերազանց անցկացրեց` 45 խաղում դառնալով 13 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը ոչ մի անգամ աչքի չի ընկել: «Բորուսիան» էլ Բունդեսլիգայում վերջին հորիզոնականում է ընթանում: «Լիվերպուլի» գործերը նույնպես լավ չեն անգլիական Պրեմիեր լիգայում, ակումբը լուրջ համալրման կարիք ունի, և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին հաջողվի իրակացնել Մխիթարյանի տրանսֆերը:

Մեկնաբանել