Կոռուպցիայի ընկալման 2014թ. զեկույցում Հայաստանի դիրքն անփոփոխ է

Զեկույցում ներառված 174 երկրների շարքում Հայաստանը 94-99-րդ տեղերն է կիսում Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի և Պանամայի հետ: Զեկույցում ներառված 174 երկրների շարքում Հայաստանը 94-99-րդ տեղերն է կիսում Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի և Պանամայի հետ:

Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը դեկտեմբերի 3-ին հրապարակել է 2014թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը:

Զեկույցում ներառված 174 երկրների շարքում Հայաստանը 94-99-րդ տեղերն է կիսում Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի և Պանամայի հետ: Այս երկրներում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 37 է: Անցած տարվա համեմատ Հայաստանի դիրքը մնացել է անփոփոխ. 2013թ. այն 36 միավորով կրկին 94-րդն էր 177 երկրների շարքում:

Ինդեքսը ներկայացված է 0-ից 100-միավորանոց գնահատման սանդղակով, որտեղ 0-ն բացարձակ կոռումպացվածությունն է, իսկ 100-ը՝ կոռուպցիայի բացակայությունը։ 2011թ. օգտագործվել էր 0-ից 10-միավորանոց գնահատման սանդղակը, որի արդյունքներով` Հայաստանում 2010 և 2011 թթ. կոռուպցիայի ընկալման ցուցանիշը եղել է 2,6: 2011թ. Հայաստանը 183 երկրների շարքում զբաղեցրել է 129-րդ տեղը: 2012թ. 176 երկրների շարքում Հայաստանը 105-րդն էր:

Տարածաշրջանի երկրներից ամենաքիչ կոռումպացվածը Վրաստանն է: Այն 52 միավորով կիսում է 50-52-րդ տեղերը Մալայզիայի և Սամոայի հետ: Թուրքիան կոռուպցիայի ընկալման 45 միավորով կիսում է 64-66-րդ տեղերը Մակեդոնիայի և Օմանի հետ: Ադրբեջանը 29 միավորով 126-132-րդ տեղերում է` Գամբիայի, Հոնդուրասի, Ղազախստանի, Նեպալի, Պակիստանի, Տոգոյի հետ միասին: Այս երկրներում կոռուպցիայի ընկալման համաթիվը 27 է: Հայաստանի հարևան երկրներից ամենակոռումպացվածը Իրանն է. այն 27 միավորով զբաղեցնում է 136-141-րդ տեղերը` Ղրղզստանի, Լիբանանի, Նիգերիայի և Ռուսաստանի հետ միասին:

IndexԵվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Բելառուսը 31 միավորով 119-123-րդ տեղերն է կիսում Մոզամբիկի, Սիերա Լեոնեի, Տանզանիայի, Վիետնամի հետ:

Կոռուպցիայի ընկալման վարկանիշի առաջին հորիզոնականներում են Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան` համապատասխան 92, 91 և 89 միավորներով:

Բացարձակ չկոռումպացված երկիր վարկանիշում չկա: Ամենակոռումպացված երկրները, Transparency International-ի տվյալների համաձայն, Հյուսիսային Կորեան և Սոմալին են` 8 միավոր:

«Կոռուպցիայի ընկալման 2014թ. ինդեքսը ցույց է տալիս, որ տնտեսական զարգացումը դառնում է անհնար, իսկ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերն անպտուղ են, քանի որ առաջնորդներն ու բարձրաստիճան անձինք չարաշահում են իշխանությունը` իրենց ձեռքը վերցնելու պետական միջոցները` հանուն անձնական շահի»,- ասել է Transparency International-ի նախագահ Խոսե Ուգասը: