Ռուսաստանը մտնում է ռեցեսիայի փուլ

rouble-dollarՌուսաստանի տնտեսությունը կմտնի ռեցեսիայի փուլ, հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Վեդևը։

Ռուսական «Վեդոմոստի» թերթի փոխանցմամբ՝ նախարարությունը խոստովանել է, որ երկու տարվա լճացումից հետո ռեցեսիան արդեն սկսվել է: Առջևում դեռ սպասվում է գործարար ակտիվության անկման և կենսամակարդակի նվազման մեկ տարի՝ արագացող գնաճի և թուլացող ռուբլու ֆոնին։

2015թ․ համար դեռ սեպտեմբերին կանխատեսած 1,2% աճի փոխարեն նախարարությունն այժմ ակնկալում է 0,8% անկում։

Կանխատեսման վերանայման հիմնական պատճառները նավթի գների անկումն ու 2015թ․ ընթացքում պատժամիջոցների պահպանման ակնկալիքն է, պարզաբանել է Վեդևը։ Սեպտեմբերին տնտեսական զարգացման նախարարությունը կարծում էր, որ նավթի գների անկումը ժամանակավոր է, իսկ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն գալիք տարվա կեսերին։

Պատժամիջոցների պահպանումը կուժեղացնի ներդրումների անկումը և թույլ չի տա էապես կրճատել կապիտալի արտահոսքը՝ $125 մլրդ 2014թ. և $90 մլրդ՝ 2015թ․։ Ռուբլին թույլ կմնա (միջինը՝ 49 ռուբլի/1 դոլար), գնաճը՝ բարձր (9,4%՝ ընդդեմ 7,6% 2014թ․)։ Դրա դեմ պայքարելու համար Կենտրոնական բանկը տոկոսադրույքները բարձր կպահի։ Տնտեսությունն ավելի խոր անկումից կփրկի բյուջեն, ինչպես նաև ներկրման փոխարինումը, հուսով է նախարարությունը։

Վեդևն ասել է, թե սխալ է կարծել, որ տնտեսությունն անկում է ապրում միայն էժանացող նավթի պատճառով։ Կոնյունկտուրային և աշխարհաքաղաքական գործոններից բացի՝ կան նաև ներքին կառուցվածքային խնդիրներ։ Հենց դրանց պատճառով էլ տնտեսության աճը փաստացի կանգ առավ դեռ 2012թ․ կեսին:

Ռուսաստանի տնտեսությունը մեծապես կախված է էներգակիրների, առաջին հերթին՝ նավթի և գազի արտահանումից։ 2014թ. հուլիսից սկսած՝ նավթի միջազգային գինը մեկ բարելի հաշվով 110 դոլարի սահմանից իջել է ընդհուպ մինչև 62 դոլար։ Նավթի գնանկմանը զուգընթաց կտրուկ արժեզրկումներ է արձանագրում ռուսական արժույթը՝ ռուբլին, որը նոյեմբերի ընթացքում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 19%-ով, տարեսկզբից` 34%-ով: