Ռուսաստանն արդեն զգում է պատժամիջոցների հետևանքները. Քերի

7FD4B65D-A059-403D-A6B9-FEB2B07A620C_cx0_cy7_cw0_mw1024_s_n_r1ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատաժամիջոցները Ռուսաստանի իշխանությունների գործողությունների վրա չեն ազդել, սակայն արդեն զգալի բացասական ազդեցություն են ունեցել երկրի տնտեսության վրա: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում Հյուսիսատալանատյան դաշինքի նախարարների դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանդիպումից հետո:

«Պատժամիջոցները անմիջապես չեն ազդում: Դրանք աստիճանաբար են սկսում լուրջ ազդեցություն ունենալ: Այդպես եղել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ ապարտեիդի հարցում, ինչպես նաև Իրանում, որի միջուկային ծրագրի շուրջ ներկայում ընթանում են բանակցություններ»,- ասել է Քերին:

Նա լրագրողներին կոչ է արել ծանոթանալ Ռուսաստանից եկող լուրերին: «Նայեք՝ ինչ է կատարվում այնտեղ. Ռուսաստանի իշխանություններն արդեն հայտարարել են՝ հաջորդ տարի երկրին ռեցեսիա է սպասվում: Ակնհայտ է՝ Ռուսաստանի տնտեսությունն արդեն զգում է պատժամիջոցների հետևանքները: Հետևապես՝ ես կտրականապես համաձայն չեմ այն վաղաժամ ենթադրությունների հետ, որ պատժամիջոցները ձախողվել են: Փոխե՞լ են դրանք Ռուսաստանի իշխանությունների վարքագիծը: Ո՛չ: Սակայն դա չի նշանակում, որ դա տեղի չի ունենա ապագայում»,- ասել է Քերին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և դաշնակիցները ուրախ չեն, որ հայտնվել են իրավիճակում, «երբ ուղղակի ռազմական բախման չանցնելու համար միակ գործիքը պատժամիջոցների ընդլայնումն է»:

«Մենք չենք կարող կողքից հետևել՝ ինչպես մեծ ու հզոր երկրի կողմից խախտվում է ավելի փոքր երկրի տարածքային ամոբղջականությունը: Չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկն իրեն իրավունք վերապահի խախտելու միջազգային նորմերը, որ գործում են Երկրորդ աշխարհամարտից հետո: Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակը փոխելու համար: Մենք, ինչպես նաև մյուսները, դրան պատրաստ ենք: Ընտրությունը Ռուսաստանինն է»,- ասել է Քերին:

Ակնարկ

ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Կանադան, Ավստրալիան և այլ երկրներ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրիանայում վարած քաղաքականության, 2014թ. գարնանից տնտեսական տարբեր պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ։ Ռուսաստանը իր հերթին հակադարձ պատժամիջոցներ է սահմանել նրանց նկատմամբ՝ արգելելով այդ երկրներից մի շարք ապրանքատեսակների ներմուծումը։

Ռուսաստանի տնտեսությունը մեծապես կախված է էներգակիրների, առաջին հերթին՝ նավթի և գազի արտահանումից։ 2014թ. հուլիսից սկսած՝ նավթի միջազգային գինը մեկ բարելի հաշվով 110 դոլարի սահմանից իջել է ընդհուպ մինչև 62 դոլար։ Նավթի գնանկմանը զուգընթաց կտրուկ արժեզրկումներ է արձանագրում ռուսական արժույթը՝ ռուբլին, որը միայն նոյեմբերին արժեզրկվել է 19 %-ով, իսկ տարվա կտրվածքով՝ շուրջ 35 տոկոսով։

Մեկնաբանել