Ռուսաստանցիները Պուտինին այլընտրանք չեն տեսնում․ հարցում

Ռուսաստանցիների 58%-ը կցանկանար Պուտինին տեսնել Ռուսաստանի նախագահի պաշտոնում 2018թ․ հետո։ Ռուսաստանցիների 58%-ը կցանկանար Պուտինին տեսնել Ռուսաստանի նախագահի պաշտոնում 2018թ․ հետո։

Ռուսաստանցիների 58%-ը կցանկանար Վլադիմիր Պուտինին տեսնել Ռուսաստանի նախագահի պաշտոնում 2018-ից հետո, վկայում են ռուսաստանյան «Լևադա» կենտրոնի հարցման արդյունքները։ Անցյալ տարվա հոկտեմբերին այսպես էր պատասխանել հարցվածների 33%-ը։

2018-ից հետո Պուտինին նախագահի պաշտոնում տեսնել չցանկացողների մասնաբաժինը, համեմատ 2013թ․, 45%-ից նվազել է մինչև 19%։ Եվս 31% կարծում է, որ մինչև 2018թ․ Ռուսաստանում չի հայտնվի «առաջնորդ, որը ունակ կլինի նախագահի պաշտոնում փոխարինելու Վլադիմիր Պուտինին»․ 2013թ․ այսպես էր կարծում հարցվածների 26%-ը։ Այդպիսի առաջնորդի հայտնվելու հնարավորությանը հավատացողների թիվը 45%-ից նվազել է մինչև 34%։

Հարցվածների 47%-ը (40% անցյալ տարվա նոյեմբերին) կարծում է, որ Վլադիմիր Պուտինը «ուժեղ» ազդեցություն ունի Ռուսաստանում կատարվող իրադարձությունների նկատմամբ, իսկ 24%-ը (15% անցյալ տարվա նոյեմբերին) այդ ազդեցությունը համարում է «շատ ուժեղ»։ Հարցվածների թիվը, որոնք կարծում են, որ Պուտինը «չունի որևէ հստակ ուղեգիծ, բոլոր որոշումներն ընդունվում են՝ իրավիճակից ելնելով», նվազել է մինչև 10%՝ անցյալ տարվա 23%-ի համեմատ։ Ընդ որում՝ հարցվածների 55%-ը հայտարարել է, որ աջակցում է Պուտինին, քանի որ «լիովին հավանություն է տալիս նրա գործողություններին», իսկ 40%-ը դա պայմանավորում է նրանով, որ «ներկա իրադրությունում երկրի առաջնորդին հարկ է համընդհանուր աջակցություն ցուցաբերել»։

«Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը ռուսական «Կոմերսանտ» թերթին պարզաբանել է, որ իշխանության նկատմամբ դեռ մի քանի տարի առաջ նկատված դժգոհությունն «աճել է մինչև 2013թ․ նոյեմբեր-2014թ․ հունվար», սակայն «Ղրիմի միացումն ու հակաուկրաինական արշավն իրադրությունը կտրուկ փոխել են»։ «Հանրության մի մասը պահանջում էր ինստիտուցիոնալ բարեփոխումներ, անկախ դատարան, ազատ մամուլ, արդար ընտրություններ, մյուս մասը՝ աղքատ բնակչության աջակցություն, աշխատանքի երաշխիքներ։ Այս պահանջները միասին իջեցնում էին Պուտինի վարկանիշը, և անցյալ տարվա վերջին միայն 28-30% -ն էր պատրաստ քվեարկել նրա օգտին»,- ասել է Գուդկովը։ Ղրիմի միավորման ժամանակ և դրանից հետո «նախագահն իրեն պահեց զանգվածային ակնկալիքներին համապատասխան», և 2014թ․ օգոստոսին նրան աջակցում էր արդեն քաղաքացիների 87%-ը։ Սակայն «իշխանությունների նկատմամբ պահանջները չեն վերացել», այլ պարզապես ժամանակավոր «չակերտներում են հայտնվել»,- ասել է սոցիոլոգը: