ԵՏՄ-ին ընդառաջ հայ գործարարներին ներկայացվել են օրենսդրական փոփոխությունները

Finmin-businessmenՀայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանն ընդառաջ Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել գործարարների հետ:

Ինչպես հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարարներին ներկայացրել է եկող տարվանից գործողության մեջ մտնող նոր ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Փոխնախարարը հայտնել է, որ մշակվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակը Հայաստանի առանձնահատկություններից ելնելով ԵՏՄ անդամակցությունից բխող իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է:

Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվել նաև «Ավելացված արժեքի հարկի» և «Ակցիզային հարկի» մասին օրենքներում` կապված հարկային հայտարարագրման ինստիտուտի ներդրման հետ: Ըստ Վախթանգ Միրումյանի՝ մշակվել է նաև անուղղակի հարկերի գծով պարտավորությունների հաշվարկման առանձնահատկությունների մասին նախագիծ, որով սահմանվում է ներմուծման հայտարարագրի փոխարինումը հարկայինով:

Զգալի փոփոխություններ են նախատեսվում նաև ժամկետների առումով: «Նոր ընթացակարգով մաքսային վճարները կհաշվարկվեն և կվճարվեն ոչ թե տասնօրյա ժամկետում, այլ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը»,- ասել է փոխնախարարը: Նրա խոսքով` երրորդ երկրի հետ ազատ առևտրի ռեժիմի մասով ևս խնդիրներ չկան: Գործարարները դրական են արձագանքել նախատեսվող փոփոխություններին` դրանք համարելով դաշտի պազեցմանն ուղղված նշանակալի քայլ:

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։ Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների խորհրդարաններում կվավերացվի մինչև հունվարի 1-ը։