Հակաարդարադատության նախարարը

«Դուք դեկտեմբերի 3-ին ԱԺ ամբիոնից հայտարարություն տվեցիք այն մասին, որ ճաղերից ներս գտնվող դատապարտյալը ճաղերից դուրս եղած իրականության մասին բողոքելու իրավունք չունի: Բայց, ներողություն, ինքը բանտո՞ւմ է ծնվել». Մհեր Արշակյան: Լուսանկարը` Ֆոտոլուրի: «Դուք դեկտեմբերի 3-ին ԱԺ ամբիոնից հայտարարություն տվեցիք այն մասին, որ ճաղերից ներս գտնվող դատապարտյալը ճաղերից դուրս եղած իրականության մասին բողոքելու իրավունք չունի: Բայց, ներողություն, ինքը բանտո՞ւմ է ծնվել». Մհեր Արշակյան: Լուսանկարը` Ֆոտոլուրի:

Արդարադատության նախարարի մասին մի քանի լավ բան եմ լսել: Առաջինն այն է, որ մտածող և լուրջ մարդ է: Կարծեմ ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի ղեկավարն էլ հրապարակավ նրան կառավարության ամենանորմալ դեմք համարեց: Լավ:

Բայց ես չեմ ուզում, որ էս երկրի արդարադատության նախարարը այնքան լուրջ լինի, որ ԱԺ ամբիոնից սկսի թվարկել Սերժ Սարգսյանի մասին անեկդոտ պատմող դատապարտյալի հանցանքները: Որովհետև էդ լրջությունը վտանգավոր է: Էդ լրջության մեջ նույնիսկ ոչ տղամարդկային բան կա՝ իբր, Սերժ Սարգսյանի մասին անեկդոտ կարող է պատմել միայն մի քանի հանցանքի մեջ թաթախվածը՝ Աշոտ Միհրանի Զաքարյանը: Անեկդոտն այն մասին է, որ տեսնելով բոլորի արտագաղթը` Ռիտա Սարգսյանն ամուսնուն առաջարկում է, որ իրենք էլ գնան: Սերժ Սարգսյանը կնոջն ասում է. «Որ մենք գնանք, բոլորը կվերադառնան»:

Փորձենք հասկանալ՝ եթե Աշոտ Միհրանի Զաքարյանը երկու օրը մեկ մարդ է կերել, դրանից Սերժ Սարգսյանը դադարո՞ւմ է լինել նա, ում ինչ-որ մեղքեր է վերագրում դատապարտյալը: Դատապարտյալն անեկդոտից բացի սևով սպիտակի վրա գրում է. «ՀՀ քաղաքացիների 70 տոկոսը ճռռում է վարկերի տակ, իսկ ԴԱՀԿ-ն նրանց հանում ու փողոց է գցում»: Երբ դու որպես նախարար հիշում ես այս տողերի հեղինակի դատվածությունը և այն, թե ինչ հանցանքների համար է դատապարտվել, ուզում ես ասել, որ նա խոսքի իրավունք չունի՞, որ նա սո՞ւտ է ասում: Էդ դեպքում ԱԺ ամբիոնից այդպես էլ ասա, որ ինքը խոսքի իրավունք չունի, որ սուտ է ասում: Թե չէ՝ ի՞նչ կապ ունի, թե քանի հոգու է ծեծել, խարդախության և վաշխառության ինչ պատմությունների մեջ է ընկել: Դատապարտյալը ՀՀ քաղաքացի է, համապետական ընտրությունների ժամանակ գնում եք նրա դուռը և ձեռքը խցկում ՀՀ նախագահի ձեր թեկնածուի օգտին արդեն քվեարկած քվեաթերթիկը: Այդ ժամանակ ինքը խարդախ և վաշխառու չէ՞, բայց հենց կպչում է ձեր Սերժ Սարգսյանին իր անեկդոտով և ուզում է իմանալ, թե ի՞նչ արժե ձեր ծառայողական կամ ոչ ծառայողական ավտոմեքենաները, դառնում է խարդախ և վաշխառո՞ւ: Այդպես չի լինում: Ընտրեք՝ կամ ինքը՝ դատապարտյալ Աշոտ Միհրանի Զաքարյանը, խոսքի իրավունք չունի, կամ դուք՝ արդարադատության նախարարդ, չգիտեք, թե ինչ է Սահմանադրությունը և ինչ է պետությունը: Այլ խոսքով դուք ձեր օրենքների գյորա մարդ չեք, եղբայր:

Դուք դեկտեմբերի 3-ին ԱԺ ամբիոնից հայտարարություն տվեցիք այն մասին, որ ճաղերից ներս գտնվող դատապարտյալը ճաղերից դուրս եղած իրականության մասին բողոքելու իրավունք չունի: Բայց, ներողություն, ինքը բանտո՞ւմ է ծնվել: Եթե՝ ոչ, ստացվում է, որ ցանկացած դատապարտյալի երազանքն է հայտնվել ճաղերից ներս, եթե ազատությունը, որպես հանգամանքների ավելի մեծ արենա, նրա կյանքում ոչ մի դեր չունի: Մինչդեռ հենց էդ հանգամանքներն են նրան դարձրել խարդախ, վաշխառու: Որ լավ մտածեք, էդ հանգամանքներում ձեր ղեկավարած գերատեսչության դերն էլ կգտնեք: Այդ ո՞ր օրվանից Աշոտ Միհրանի Զաքարյանը դարձավ իր հանցանքի ստրուկը:

Դուք վտանգավոր, շատ վտանգավոր բան եք անում: Դուք ուզում եք ասել, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը նույնպես ազատ խոսքի իրավունք չունի, դուք ուզում եք ասել, որ Աշոտ Միհրանի Զաքարյանն ուղղվելու իրավունք չունի, որովհետև արդեն դատապարտյալ է: Իսկ դատապարտյալը, ինչպես հասկացանք ԱԺ ձեր ելույթից, չունի ազատ խոսքի իրավունք, և եթե խոսում է, անպայման ստում է: Դե իսկ ո՞վ կուզի, որ որևէ դատապարտյալ լինի ազատության մեջ և փորձեր անի վերադառնալու մարդամեջ: Ըստ իս, պարոն Մանուկյանին ինչ-որ մեկը պիտի գլխի գցի, որ Սերժ Սարգսյանը ժամանակավոր մարդ է, նա նույնքան ժամանակավոր մարդ է նաև Հայաստանի Հանրապետության համար, քանզի երբ նրան հեռացնեն իշխանությունից, նրա ամենահին հագուստի փոշին էլ էս երկրում չի մնա, կլքեն գրեթե ազգուտակով: Ո՞ւմ պարզ չէ, որ Աշոտ Միհրանի Զաքարյանն իր անեկդոտով այնքան էլ չի կատակել, Սերժ Սարգսյանը գնալու է: Եվ երբ արդարադատության նախարարը դատապարտյալին թողած, ում ի պաշտոնե «հայրն» է ինքը, պաշտպանում է մեկին, որի հանդեպ մեղադրանքներից ոչ մեկն առ այսօր չի հերքվել, կարծում եմ, այդպիսի նախարարը «օրենսդրական» մեծ բազա ունի լինելու հենց Աշոտ Միհրանի Զաքարյանի կողքին: Կամ՝ նվազագույնը ուղղիչ աշխատանքային գաղութում: