Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ համանախագահների հետ

Հանդիպմանը քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունները: Հանդիպմանը քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունները:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-ին Բազելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշկի հետ:

«Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած` Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների, ուսումնավարժական թռիչք իրականացնող` Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակի վրա»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Հանդիպմանը քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունները։

Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին Երևանում:

Ակնարկ

Ղարաբաղյան ուղղաթիռը խոցվել էր ուսումնավարժական թռիչքի ժամանակ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում:

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Օդաչուների հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Եռաբլուրում: