«Ռուսական վախեր» Թուրքիայում

Ոմանք կարծում են՝ ՌԴ-ի էներգակիրներից կախվածությունը կարող է սահմանափակել Թուրքիայի անկախությունը արտաքին քաղաքական ոլորտում Ոմանք կարծում են՝ ՌԴ-ի էներգակիրներից կախվածությունը կարող է սահմանափակել Թուրքիայի անկախությունը արտաքին քաղաքական ոլորտում

Անկարային 3 մլրդ խ/մ լրացուցիչ բնական գազի մատակարարման և նոր գազատարի կառուցման վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև օրերս ձեռք բերված համաձայնությունը Թուրքիայի որոշ շրջանակներում մտահոգություն է առաջացրել, որ նման համաձայնագիրը կարող է վտանգավոր կերպով խորացնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից, գրել է Today’s Zaman պարբերականը:

«Թուրքիան արդեն 60 տոկոսով կախված է Ռուսաստանից ներկրվող գազից: Սա համաձայնագիր է, որն անվերապահորեն խորացնում է էներգետիկ ոլորտում Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից»,- Today’s Zaman-ը մեջբերում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Նեջդեթ Փամիրին:

Դեկտեմբերի 1-ին Թուրքիայում պետական այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ իր երկիրը կավելացնի Թուրքիա արտահանվող գազի ծավալները 3 մլրդ խ/մ-ով՝ Անկարային տրամադրելով բնական գազի 6 տոկոս զեղչ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում լրագրողներին ասել է, որ ներկայում Թուրքիա ներկրվող բնական գազի կեսը գալիս է Ռուսաստանից, և վերլուծաբանների գնահատմամբ՝ իրականում այդ ցուցանիշը մոտ 55-60 տոկոս է:

Հավելյալ 3 մլրդ խ/մ գազի մատակարարման համար Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսքի» տարողունակությունը պետք է ավելացվի:

Պուտինի մեկօրյա այցի ընթացքում ռուսական գազային հսկա «Գազպրոմի» և թուրքական պետական «Բոթաշ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Սև ծովի հատակով նոր գազատար կառուցելու և Թուրքիա ռուսական ավելի շատ գազի մատակարարման նպատակով:

Թուրքիայի Յաշարի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Էմրե Իշերին կարծում է, որ համաձայնագիրը շահավետ չէ Թուրքիայի համար: Նշելով, որ երկրների էներգետիկ անվտանգության տեսանկյունից կարևոր գործոն է մատակարարների դիվերսիֆիկացիան՝ Իշերին ուշադրություն է հրավիրել Թուրքիայի՝ Ռուսաստանից կախվածության փաստի վրա. «Սա մի համաձայնագիր է, որն ավելի շատ ծառայում է Ռուսաստանի շահերին»:

Պուտինը Թուրքիայում նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը մասնակցությունից։

Ռուսաստանի նախագահն իր որոշումը բացատրել է եվրոպացի գործընկերների հետ առկա դժվարություններով և դժգոհել է նրանցից։ «Հաշվի առնելով Եվրահանձնաժողովի դիրքորոշումը, որը չի նպաստում այս նախագծի իրականացմանը, հաշվի առնելով այն, որ մենք ընդամենը վերջերս ենք ստացել Նիդեռլանդների համապատասխան ատյանի որոշումը, ճիշտ է՝ դրական որոշումը, հաշվի առնելով այն, որ մինչ այժմ չկա Բուլղարիայի թույլտվությունը՝ Ռուսաստանն այս պայմաններում չի կարող շարունակել այս նախագծի իրականացումը»,- նշել է նա։

Ռուսաստանն ատոմակայան է կառուցում Թուրքիայում

Թուրքիայի՝ Ռուսաստանից կախվածության հարցում վերլուծաբանների մտահոգությունները կապված են ևս մեկ հանգամանքի հետ. Թուրքիայի հյուսիսային հարևանը կկառուցի Թուրքիայի առաջին ատոմակայանը Մերսինի նահանգի Աքքույու շրջանում:

«Աքքույու» ատոմակայանի վերաբերյալ համաձայնագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է 2010թ. մայիսի 12-ին: «Աքքույու Էն-Ջի-Էս» ընկերությունը, որը ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերության Թուրքիայում գործող մասնաճյուղն է, կկառուցի երկրի առաջին ատոմակայանը: Նախագծի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 20 միլիարդ դոլար, շինարարության ընթացքում կօգտագործվեն մոտ 3,5 միլիարդ դոլար արժողությամբ սարքավորումներ, որոնցից 1,8 միլիարդ դոլարը կծախսվի արդեն այս տարի: Ակնկալվում է, որ ատոմակայանը շահագործման կհանձնվի 2020թ.:

Թուրքիան և Ռուսաստանը վերջին մի քանի տարում կարևոր քայլեր են ձեռնարկել երկկողմ կապերն ամրապնդելու ուղղությամբ: Պուտինի՝ Թուրքիա այցի ընթացքում կայացել է նաև Ռուսաստան – Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության հինգերորդ նիստը: ՌԴ նախագահին այցի ընթացքում ուղեկցել են 10 նախարարներ, և բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև 2023թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի:

Թուրք վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական էներգակիրներից մեծ կախվածությունը կարող է սահմանափակել Թուրքիայի անկախությունը արտաքին քաղաքականության ոլորտում՝ որոշ հարցերում Անկարային ստիպելով սատարել Ռուսաստանի դիրքորոշումներին:

Անկարայում գործող Միջազգային ռազմավարական հետազոտական կազմակերպության (USAK) էներգետիկայի ոլորտում վերլուծաբան Հասան Սելիմ Օզերթեմը կարծում է, որ Թուրքիան անվերապահորեն կախված է Ռուսաստանից: Վերլուծաբանը միևնույն ժամանակ այնքան էլ վատատես չէ ստեղծված իրադրության հարցում, և Ռուսաստանին համարում է էներգետիկ ոլորտում հուսալի գործընկեր:

Մեկնաբանել