Նաիրիտցիները նախագահականի դիմաց են

«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ դեկտեմբերի 4-ին` ժամը 11:00-ից հավաքվել էին նախագահի նստավայրի դիմաց` պահանջելով վճարել նախորդ ամիսների աշխատավարձերի պարտքը և հետո միայն իրենց ծանուցել աշխատանքային պայմանագրի լուծման մասին:

ՍիվիլՆեթի թղթակից Արտակ Համբարձումյանի հաղորդմամբ` նաիրիտցիները ցանկանում են աշխատողների խումբ կազմել, որը կհանդիպի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Սակայն վերջինս մասնակցում է կառավարության նիստին, և նաիրիտցիները համաձայնեցին մեկ ժամ սպասել նրան:

«Նաիրիտի» արհմիության նախագահ, ցուցարարների ներկայացուցիչ Հրաչ Թադևոսյանի խոսքով` ի տարբերություն նախորդ բոլոր ցույցերի, որոնց առաջնային պահանջը աշխատանքի վերսկսումն էր, այս դեպքում դրված է աշխատավարձերի վճարման խնդիրը:

Ցույցին ներկա «Նաիրիտի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանն էլ ասաց, որ ներկայում գործարանի փակման նախադրյալներ չկան, և կառավարությունն օրենքի շրջանակում փորձելու է վճարել աշխատավարձերը:

«Նաիրիտ» գործարանը արդեն չորս տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ $1 մլն է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր:

Մեկնաբանել