Թբիլիսին «ոչ» է ասում ռուսականին՝ հանուն ազգային ավիափոխադրողի

112_34Վրաստանը մերժել է ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերությանը կանոնավոր չվերթների իրականացման հարցում, իսկ «Աէրոֆլոտ» և «Սիբիր» ավիաընկերությունների Մոսկվա-Թբիլիսի չվերթները շաբաթական 14-ից կրճատել է 10-ի: Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության որոշումն ուղղված է ազգային ավիափոխադրող Georgian Airways-ի շահերի պաշտպանությանը, որը միայնակ է ռուսական խոշոր ավիաընկերությունների հետ մրցակցության հարցում, հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը:

Ակնարկ

Անցած շաբաթ Georgian Airways-ը «Աէրոֆլոտ»-ին մեղադրել էր ավիատոմսերի գների արհեստական իջեցման մեջ, որը, ըստ նրա, հանգեցրել է իր չվերթների 60-70%-ով կրճատման: Ընկերության գլխավոր տնօրենը սպառնացել էր անգամ դադարեցնել Մոսկվա-Թբիլիսի չվերթները:

Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթները դադարեցվել են 2008թ.: 2010թ. վրացական Airzena Georgian Airlines ավիաընկերությունը սկսեց առաջին չարթերային թռիչքները Թբիլիսիի և Մոսկվայի միջև, իսկ 2011-ից Վրաստանի և Ռուսաստանի մի շարք քաղաքների միջև չարթերային թռիչքներ իրականացնում են վրացական և ռուսական մի քանի ավիաընկերություններ:

«Աէրոֆոլտն» այս տարվա հոկտեմբերի 26-ից սկսել է Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթների իրականացումը:

Ավելի վաղ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան», ռուսական «Աէրոֆլոտ» և «ՅուԹեյր» ընկերություններին չէր թույլատրել Վրաստան կանոնավոր չվերթներ իրականացնել՝ պայմանավորված Ռուսաստանի արտգործնախարարության դիրքորոշմամբ:

Դրանից աաջ «Ռոսավիացիան» Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթների թույլտվություն էր տվել՝ «Վրաստանի արտգործնախարարության կողմից օդային կանոնավոր հաղորդակցության վերականգնման մասին պատասխան նոտա» ստանալու պայմանով: