ԿԲ պահուստները բավարար են` կանխելու փոխարժեքի տատանումները. Ներսես Երիցյան

«Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները, այդ թվում`  հաղթահարելու տատանողականությունը». ԿԲ փոխնախագահ «Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները` հաղթահարելու տատանողականությունը». ԿԲ փոխնախագահ

«Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը». դեկտեմբերի 4-ի կառավարության նիստին այսպիսի հայտարարություն է արել Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը` անդրադառնալով տարադրամի շուկայում ձևավորված լարվածությանը և փոխարժեքի տատանումների կայունացմանն ուղղված ԿԲ քայլերին:

«Մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին: Այդ իմաստով որևիցե խնդիր չենք տեսնում: Բացի այդ, նաև ուզում ենք հավաստիացնել, քանի որ կան տարբեր մտահոգություններ բանկային համակարգի և դրա գործառույթների հետ կապված, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերի արդեն իսկ մեծ և´ ակտիվները, և´ պարտավորությունները դոլարացված են, դոլարով են, և բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և´ կանխիկ, և´ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները»,- հայտարարել է Երիցյանը:

Նրա խոսքով` ԿԲ-ն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին, որպեսզի կայունացնի շուկայի իրավիճակը:

«Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները, այդ թվում` «Ռեպո» շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքների միջոցով, արժութային սվոտներ առաջարկելու միջոցով և արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելու, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել, բայց այն, ինչը դրսի շոկով է պայմանավորված, այդ ճշգրտումները, բնականաբար, պետք է իրենց տեղը գտնեն»,- ասել է ԿԲ փոխնախագահը:

Երիցյանը, վկայակոչելով գլխավոր դրամատան կանխատեսումները, ասել է նաև, որ գների կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկա, և գնաճի ցուցանիշը 2014-2015 թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ՝ տատանումների թույլատրելի միջակայքում (4±1.5 տոկոս):

Նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկել է հաջորդ նիստում ներկայացնել ապրանքների գնաճի խնդիրը:

Ակնարկ

Ըստ գլխավոր դրամատան՝ դեկտեմբերի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 442,48 դրամ, եվրոյինը՝ 545,45 դրամ, ռուբլունը՝ 8,30 դրամ։

Կենտրոնական բանկը դեկտեմբերի 2-ին հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից:

Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվել էր 4%-ով․ 1 դոլարը 415 դրամից դարձել էր 435 դրամ։ Կենտրոնական բանկը նույն օրը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դրամի արժեզրկումը պայմանավորված է միջազգային իրողություններով։

Դրամի արժեզրկման վերաբերյալ ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութը` ստորև:

Մեկնաբանել