Անկողմնակալ տեսակետերի հույս մի՛ ունեցեք մի աշխարհում, որտեղ միջազգային կառույցները որոշումներ են կայացնում՝ առաջնորդվելով սեփական գաղափարախոսությամբ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է քննադատել միջազգային տարբեր կառույցների: Այս անգամ հերթը հասել է Նոբելյան մրցանակին, որը, Էրդողանի կարծիքով, «արդար չէ»:
Նորակառույց նախագահական պալատում դեկտեմբերի 3-ին կայացած արարողության ժամանակ մրցանակներ հանձնելով մշակույթի և արվեստի ոլորտում նվաճումների համար՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Նոբելյան հանձնաժողովներն իրենց որոշումներում կողմնակալ են, նույնը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն ամբողջությամբ կազմված է քրիստոնեական երկրներից:
«Անկողմնակալ տեսակետերի հույս մի՛ ունեցեք մի աշխարհում, որտեղ միջազգային կառույցները որոշումներ են կայացնում՝ առաջնորդվելով սեփական գաղափարախոսությամբ, քաղաքականությամբ ու համոզմունքներով: Արդյոք Նոբելյան մրցանակով օբյեկտիվորե՞ն են պարգևատրում: Ո՛չ: Արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անկողմնակա՞լ որոշումներ է կայացնում: Ո՛չ, երբե՛ք, – Anadolu թուրքական պետական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը: – ՄԱԿ-ը, որը հիմնադրվել է Առաջին աշխարհամարտից հետո գոյություն ունեցող միջազգային համակարգի հիման վրա, չի ներկայացնում ամբողջ աշխարհը: Ամբողջ աշխարհի ճակատագիրը չեն կարող ընդամենը հինգ պետություններ վճռել»:
Ինչպես գրել է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի նախագահը երկրորդ անգամ է քննադատում Նոբելյան հանձնաժողովին: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2013թ., երբ Էրդողանին դուր չէր եկել, որ 2005թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել էր եգիպտացի քաղաքական գործիչ Մոհամմադ Էլ Բարադեիին: Վերջինս, Թուրքիայի այն ժամանակվա վարչապետի կարծիքով, Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացրածների կողմնակիցն էր:
Թուրքիայի նախագահը պնդում է, որ արվեստագետն այսօր ազատ է Թուրքիայում
Էրդողանն ասում է՝ արվեստագետներն ազատ են Թուրքիայում
Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի առաջնորդն իր ելույթում նաև գովեստի խոսքեր է հնչեցրել թուրք արվեստագետների հասցեին՝ հերքելով պնդումները, թե արվեստագետը չի կարող զարգանալ Թուրքիայում:
«Այս քննադատությունն ընդունելի չէ,- Էրդողանին մեջբերում է Today’s Zaman-ը: Նրանք զարգանում են, և դա անում են՝ չնայած խոչընդոտներին»:
2006թ. թուրք գրող Օրհան Փամուկը դարձել է առաջին և մինչև այս պահը միակ թուրքը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի: Գրականության բնագավառում հեղինակավոր մրցանակի արժանացած Փամուկը, այդուհանդերձ, խիստ քննադատության է ենթարկվել Թուրքիայի պահպանողական շրջանակների կողմից, որոնք վստահ էին, որ գրողի պարգևատրումն ուներ քաղաքական ենթատեքստ:
Փամուկը քաղաքական հետապնդումների է ենթարկվել Հայոց ցեղասպանության և քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշման համար, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։
Ի դեպ, Cihan թուրքական լրատվական գործակալությունը Էրդողանի արած հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ է հաստատել Նոբելյան հանձնաժողովի հետ, սակայն վերջինս հրաժարվել է «արձագանքել անձնական կարծիքների»:
Ըստ Էրդողանի՝ նախագահական նոր պալատը պատկանում է ոչ թե իրեն, այլ ժողովրդին
Մեզ դա չի հուզում. Էրդողանը՝ նոր նախագահական պալատի քննադատության մասին
Թուրքիայի նորակառույց նախագահական պալատում կայացած մրցանակաբաշխության ժամանակ երկրի ղեկավարն անդրադարձել է նաև նոր պալատի հասցեին հնչող քննադատությանը: 1000 սենյակ ունեցող նոր պալատը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Թուրքիայում, այլև դրա սահմաններից դուրս՝ որակվելով «անճոռնի շինություն», որը կառուցվել է համատարած օրինախախտումներով:
«Նրանք տարբեր բաներ են խոսում: Թո՛ղ խոսեն: Մեզ դա ընդհանրապես չի հուզում: Մենք փորձում ենք դառնալ մեծ պետություն: Նայե՛ք այս պալատին: Երբ մարդիկ հարցնեն՝ որտեղի՞ց է կառավարվում Թուրքիան, այս պալատը կտա պատասխանը: Սա Թայիփ Էրդողանի պալատը չէ, սա թուրք ազգի պալատն է»,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը՝ Ամերիկայի հայտնագործման, կանանց և տղամարդկանց հավասարության մասին
Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի նախագահը հանդես է գալիս մեկը մյուսից սկանդալային հայտարարություններով: Նոյեմբերի կեսին Էրդողանը պնդել էր, որ Ամերիկան հայտնագործել է ոչ թե Կոլումբոսը, այլ մուսուլմանները: Դրան հետևել է Էրդողանի ելույթը կանանց իրավունքների մասին, որի ընթացքում նա նշել է, որ պետք չէ հավասարեցնել կանանց և տղամարդկանց: Օրերս էլ Թուրքիայի ղեկավարը կոչ է արել վերանայել Թուրքիայի դպրոցների կրթական ծրագիրը: Նրա կարծիքով՝ բոլորը գիտեն, թե ովքեր են Էյնշտեյնն ու Բեթհովենը, սակայն չեն ճանաչում թուրք և մուսուլման հայտնի գործիչներին: