Նոբելյան մրցանակն արդար չէ. Էրդողան

Անկողմնակալ տեսակետերի հույս մի՛ ունեցեք մի աշխարհում, որտեղ միջազգային կառույցները որոշումներ են կայացնում՝ առաջնորդվելով սեփական գաղափարախոսությամբ. Էրդողան Անկողմնակալ տեսակետերի հույս մի՛ ունեցեք մի աշխարհում, որտեղ միջազգային կառույցները որոշումներ են կայացնում՝ առաջնորդվելով սեփական գաղափարախոսությամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է քննադատել միջազգային տարբեր կառույցների: Այս անգամ հերթը հասել է Նոբելյան մրցանակին, որը, Էրդողանի կարծիքով, «արդար չէ»:

Նորակառույց նախագահական պալատում դեկտեմբերի 3-ին կայացած արարողության ժամանակ մրցանակներ հանձնելով մշակույթի և արվեստի ոլորտում նվաճումների համար՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Նոբելյան հանձնաժողովներն իրենց որոշումներում կողմնակալ են, նույնը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն ամբողջությամբ կազմված է քրիստոնեական երկրներից: 

«Անկողմնակալ տեսակետերի հույս մի՛ ունեցեք մի աշխարհում, որտեղ միջազգային կառույցները որոշումներ են կայացնում՝ առաջնորդվելով սեփական գաղափարախոսությամբ, քաղաքականությամբ ու համոզմունքներով: Արդյոք Նոբելյան մրցանակով օբյեկտիվորե՞ն են պարգևատրում: Ո՛չ: Արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անկողմնակա՞լ որոշումներ է կայացնում: Ո՛չ, երբե՛ք, – Anadolu թուրքական պետական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը: – ՄԱԿ-ը, որը հիմնադրվել է Առաջին աշխարհամարտից հետո գոյություն ունեցող միջազգային համակարգի հիման վրա, չի ներկայացնում ամբողջ աշխարհը: Ամբողջ աշխարհի ճակատագիրը չեն կարող ընդամենը հինգ պետություններ վճռել»:

Ինչպես գրել է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի նախագահը երկրորդ անգամ է քննադատում Նոբելյան հանձնաժողովին: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2013թ., երբ Էրդողանին դուր չէր եկել, որ 2005թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել էր եգիպտացի քաղաքական գործիչ Մոհամմադ Էլ Բարադեիին: Վերջինս, Թուրքիայի այն ժամանակվա վարչապետի կարծիքով, Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացրածների կողմնակիցն էր:

Թուրքիայի նախագահը պնդում է, որ արվեստագետն այսօր ազատ է Թուրքիայում Թուրքիայի նախագահը պնդում է, որ արվեստագետն այսօր ազատ է Թուրքիայում

Էրդողանն ասում է՝ արվեստագետներն ազատ են Թուրքիայում 

Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի առաջնորդն իր ելույթում նաև գովեստի խոսքեր է հնչեցրել թուրք արվեստագետների հասցեին՝ հերքելով պնդումները, թե արվեստագետը չի կարող զարգանալ Թուրքիայում:

«Այս քննադատությունն ընդունելի չէ,- Էրդողանին մեջբերում է Today’s Zaman-ը: Նրանք զարգանում են, և դա անում են՝ չնայած խոչընդոտներին»:

2006թ. թուրք գրող Օրհան Փամուկը դարձել է առաջին և մինչև այս պահը միակ թուրքը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի: Գրականության բնագավառում հեղինակավոր մրցանակի արժանացած Փամուկը, այդուհանդերձ, խիստ քննադատության է ենթարկվել Թուրքիայի պահպանողական շրջանակների կողմից, որոնք վստահ էին, որ գրողի պարգևատրումն ուներ քաղաքական ենթատեքստ:

Փամուկը քաղաքական հետապնդումների է ենթարկվել Հայոց ցեղասպանության և քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշման համար, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։

Ի դեպ, Cihan թուրքական լրատվական գործակալությունը Էրդողանի արած հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ է հաստատել Նոբելյան հանձնաժողովի հետ, սակայն վերջինս հրաժարվել է «արձագանքել անձնական կարծիքների»:

Ըստ Էրդողանի՝ նախագահական նոր պալատը պատկանում է ոչ թե իրեն, այլ ժողովրդին Ըստ Էրդողանի՝ նախագահական նոր պալատը պատկանում է ոչ թե իրեն, այլ ժողովրդին

Մեզ դա չի հուզում. Էրդողանը՝ նոր նախագահական պալատի քննադատության մասին

Թուրքիայի նորակառույց նախագահական պալատում կայացած մրցանակաբաշխության ժամանակ երկրի ղեկավարն անդրադարձել է նաև նոր պալատի հասցեին հնչող քննադատությանը: 1000 սենյակ ունեցող նոր պալատը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Թուրքիայում, այլև դրա սահմաններից դուրս՝ որակվելով «անճոռնի շինություն», որը կառուցվել է համատարած օրինախախտումներով:

«Նրանք տարբեր բաներ են խոսում: Թո՛ղ խոսեն: Մեզ դա ընդհանրապես չի հուզում: Մենք փորձում ենք դառնալ մեծ պետություն: Նայե՛ք այս պալատին: Երբ մարդիկ հարցնեն՝ որտեղի՞ց է կառավարվում Թուրքիան, այս պալատը կտա պատասխանը: Սա Թայիփ Էրդողանի պալատը չէ, սա թուրք ազգի պալատն է»,- հայտարարել է Էրդողանը: 

Էրդողանը՝ Ամերիկայի հայտնագործման, կանանց և տղամարդկանց հավասարության մասին 

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի նախագահը հանդես է գալիս մեկը մյուսից սկանդալային հայտարարություններով: Նոյեմբերի կեսին Էրդողանը պնդել էր, որ Ամերիկան հայտնագործել է ոչ թե Կոլումբոսը, այլ մուսուլմանները: Դրան հետևել է Էրդողանի ելույթը կանանց իրավունքների մասին, որի ընթացքում նա նշել է, որ պետք չէ հավասարեցնել կանանց և տղամարդկանց: Օրերս էլ Թուրքիայի ղեկավարը կոչ է արել վերանայել Թուրքիայի դպրոցների կրթական ծրագիրը: Նրա կարծիքով՝ բոլորը գիտեն, թե ովքեր են Էյնշտեյնն ու Բեթհովենը, սակայն չեն ճանաչում թուրք և մուսուլման հայտնի գործիչներին: