Ուղղաթիռի կործանումը կարելի էր կանխել. Մինսկի խմբի երկրներ

karabakhԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համարում են, որ ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի կործանումը ողբերգություն էր, որը կարելի էր կանխել: Այս մասին ասված է Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովում Մինսկի խմբի համանախագահող երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) պատվիրակությունների ղեկավարներ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դերսիմի՝ դեկտեմբերի 4-ի համատեղ հայտարարությունում:

«Նոյեմբերի 12-ին շփման գծում ուղղաթիռի կործանումը ողբերգություն էր, որը կարելի էր կանխել, և որն ընդգծեց կողմերի՝ լարվածության թուլացման, վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների կարևորությունը՝ խուսափելու ապագա միջադեպերից: Մենք դիմում ենք բոլոր կողմերին՝ կոչ անելով ցուցաբերել զսպվածություն՝ թույլ չտալու հետագա սրացումները: Կոչ ենք անում կողմերին լուծել նաև մարդասիրական խնդիրները 2010թ. Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարության ոգուն համահունչ»,- նշել են համանախագահող երկրների նախարարները։

Նրանք հայտարարել են, որ շարունակում են հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Չկա ռազմական լուծում, և մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և ակտիվորեն աշխատել վերջին հայտարարությունների ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

Մինսկի խմբի երկրներն իրենց մտահոգությունն են հայտնում անցնող տարվա ընթացքում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության աճի առնչությամբ: «Հուլիսին և օգոստոսին ռազմական գործողությունների աճը, որ հանգեցրեց մարդկային զգալի կորուստների, մեծացրեց լարվածությունը և խորացրեց կողմերի միջև անվստահությունը»,- նշել են Միսնկի խմբի երկրները:

«2014-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում վերականգնել են կողմերի միջև հաղորդակցման ամենակարևոր ուղին: Մենք ողջունում ենք հաջորդ տարի երկխոսությունն ակտիվացնելու մասին նախագահների փարիզյան հայտարարությունը: Ժամանակն է, որ կողմերը հաղթահարեն անհամաձայնությունները, վերականգնեն վստահությունը և վճռականություն ցուցաբերեն մտնելու բանակցային գործընթաց, որը կարող է հանգեցնել լուծման: Ակնկալվում է, որ նրանք որպես համապարփակ լուծման հիմք կընդունեն հիմնական տարրերն ու սկզբունքները, որ ուրվագծված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում, հատկապես՝ փարիզյան վերջին հանդիպմանը քննարկվածները: Համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ համանախագահող երկրների հովանու ներքո պետք է սկսվեն հնարավորինս շուտ: Մենք շարունակում ենք մեր պատրաստակամությունը հայտնել կողմերի հետ սերտ աշխատանքին՝ հասնելու վերջնական լուծման և բացելու խաղաղության նոր էջ, սակայն ընգծում ենք, որ ԼՂ հակամարտության ավարտի հիմնական պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վրա»,- ասված է հայտարարությունում:

Բազելում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշկի հանդիպումը:

Ղարաբաղյան ուղղաթիռը խոցվել էր ուսումնավարժական թռիչքի ժամանակ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Մեկնաբանել