ԵՏՄ պայմանագրին դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին. ԲՀԿ

«Պետք չէ ողբերգություն սարքել այն իրավիճակից, որում հայտնվել ենք». Ուրիխանյան: «Պետք չէ ողբերգություն սարքել այն իրավիճակից, որում հայտնվել ենք». Ուրիխանյան: Լուսանկարը` ՍիվիլՆեթի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Ազգային ժողովում քննարկվող` Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի վավերացմանը: Այս մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում ԲՀԿ խմբակցության անունից հայտարարել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«ԲՀԿ-ն այսօր կողմ է քվեարկելու այս համաձայնագրին, որովհետև այսօր դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների  կատարած քայլերին. ամենևին ոչ: Դրանք կարող էին և պետք է լինեին  ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնավարությունների համար, որոնք կարղ են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն և մշտապես պաշտպանեն Հայաստանի Հանրապետության շահերը: Իսկ թե երբ դա կլինի՝ կարծում եմ հասկանում են բոլորը»,- ասել է Ուրիխանյանը:

Նա հավելել է, որ ԲՀԿ-ն դեմ է «էմոցիոնալ ռուսամետության, եվրոպամետության կամ ամերիկամետության գաղափարին, որը ժամանակ առ ժամանակ դառնում է պետական քաղաքականություն»:

ԲՀԿ պատգամավորը կարևորել է երկրում քաղաքական մենաշնորհի վերացումը, ինչը հնարավորություն կտա «արժանապատվորեն բանակցել ԵՏՄ մյուս երկրների հետ և չգնալ միակողմանի զիջումների»:

«Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն ըստ էության լուծված է: Եվ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է: Այլ հարց է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է ինտեգրացիոն պրոցեսների ընթացքում ապահովել իր համար առավելագույն օգուտներ, խուսափել տնտեսական կորուստներից և ժողովրդի սոցիալական վիճակի՝ է՛լ ավելի վատացումից»,- ընդգծել է Ուրիխանյանը:

Նրա խոսքով` «պետք չէ ողբերգություն սարքել այն իրավիճակից, որում հայտնվել ենք»: «Ընդամենը պետք է գրագետ աշխատել: Հայաստանը կարող է ունենալ տնտեսական օգուտներ ԵՏՄ-ին անդամակցելուց: Մասնավորապես, մենք տնտեսական քաղաքականություն իրականացնելու պարագայում կարող ենք և հնարավորություն ունենք ավելացնել մեր արտահանման ծավալները, հատկապես՝ գյուղմեթերքների վերամշակման մասով, մի շարք ծառայությունների, ֆինանսական միջնորդությունների մասով: Կգործեն միասնական տեխնիկական կանոնակարգեր, սերտիֆիկացում և այլն: Իհարկե, որոշակի մտահոգություն է առաջացնում նաև 752 զգայուն ապրանքների մասով մաքսատուրքերի պահպանման մեխանիզմը»,- ԲՀԿ խմբակցության տեսակետն է ներկայացրել Ուրիխանյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությանը` Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ, Ուրիխանյանը հիշեցրել է, որ այս որոշման մասին Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը և Եվրամիության ղեկավարները տեղեկացել են լրատվամիջոցներից՝ փաստը կատարվելուց հետո:

«Արտաքին քաղաքականության մեջ սա ուղղակի աններելի քայլ է, իսկ ներքին կյանքում՝ քաղաքական մենաշնորհի հստակ ապացույց, երբ կարևորագույն որոշումները կայացվում են փակ, գաղտնի, անհասկանալի պայմաններում»,- նկատել է ԲՀԿ պատգամավորը:

Տիգրան Ուրիխանյանի ելույթը` ստորև: