Պուտինի ուղերձը՝ ԵՏՄ, ռուբլի, Ղրիմ, պատժամիջոցներ…

PutinՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 4-ին հանդես է եկել Դաշնային ժողովին ուղղված ամենամյա՝ 11-րդ ուղերձով։ Նա իր ելույթը սկսել է՝ ռուսաստանցիներին շնորհակալություն հայտնելով երկրի ապագայի համար ճակատագրական պահին աջակցության և համերաշխության համար։ ՍիվիլՆեթն առանձնացրել է Ռուսաստանի նախագահի առավել ուշագրավ հայտարարությունները։

Եվրասիական տնտեսական միության մասին

Պուտինը հիշեցրել է, որ 2015թ․ հունվարի 1-ից ամբողջ թափով կսկսի գործել Եվրասիական տնտեսական միությունը։

Որո՞նք են դրա [միության] հիմնական սկզբունքները։ Հիշեցնեմ։ Նախևառաջ դա իրավահավասարությունն է, պրագմատիզմը և փոխադարձ հարգանքը։ Դա ազգային յուրօրինակության և պետական ինքնիշխանության պահպանումն է անդամ բոլոր երկրների համար։ Վստահ եմ, որ սերտ գործակցությունը զարգացման հզոր աղբյուր կդառնա Եվրասիական միության բոլոր անդամների համար։

Ռուբլու փոխարժեքի և գնաճի մասին

Խոսելով ռուսական արժույթի թուլացման մասին՝ Պուտինը Կենտրոնական բանկին և կառավարությանը կոչ է արել չարաշահորդների՝ ռուսական արժույթի տատանումների վրա խաղալու հաճույքը փչացնել։ Ազդեցության գործիքներ դրա համար կան, դրանք հարկ է օգտագործել։

Ռուբլու արժեզրկման պատճառով ուժեղանում է գնաճի կարճաժամկետ պոռթկումը։ Անհրաժեշտ է պաշտպանել ոչ մեծ եկամուտներ ունեցող քաղաքացիների շահերը։ Կառավարությունն ու շրջանները պետք է վերահսկեն ապրանքների, դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության ապրանքների գների հետ կապված իրադրությունը:

Ռուբլու տատանումը բարձրացնում է հայրենական ընկերությունների մրցունակությունը։ Եվ դա հարկ է օգտագործել՝ ներկրումը փոխարինելու նպատակով․ երեքից-հինգ տարվա ընթացքում հարկ է ապահովել մարդկանց որակյալ և հասանելի ռուսական դեղամիջոցներով ու ապրանքներով։

Տնտեսական ազատականացման մասին

Ռուսաստանի նախագահն առաջարկում է ամրագրել և չորս տարի չփոխել գործող հարկային համակարգը։

Նա նաև առաջարկում է օֆշորային կապիտալի ամբողջական համաներում՝ պայմանով, որ այն վերադարձվի Ռուսաստան։ Պուտինը 2013թ․ ուղերձում էլ էր անդրադարձել այս թեմային։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ օտարերկրյա իրավասության ներքո գրանցված ընկերություններին չի կարելի օգտվել պետական աջակցության միջոցառումներից։

Պատժամիջոցների մասին

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին՝ Պուտինն ասել է, որ զսպման քաղաքականությունն օգտագործվել է երկար տարիներ շարունակ։ Եթե չլիներ Ուկրաինայում տիրող իրադրությունը, ապա Արևմուտքը որևէ այլ առիթ կհնարեր՝ զսպելու Ռուսաստանի աճող հնարավորությունները։

Սպառազինությունների մրցավազքի և բանակի մասին

Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել սպառազինությունների թանկարժեք մրցավազքում: Ռուսաստանը պաշտպանունակության համար ունի ոչ ստանդարտ լուծումներ։

Ոչ ոքի չի հաջողվի հասնել Ռուսաստանի նկատմամբ ռազմական գերազանցության։ Մեր բանակը ժամանակակից է, մարտունակ։ Ինչպես այժմ ասում են՝ քաղաքավարի, բայց ահեղ։ Մեր ազատությունը պաշտպանելու համար կբավարարի և՛ մեր ուժը, և՛ կամքը, և՛ քաջությունը։

Ղրիմի մասին

Ղրիմի և Սևաստոպոլի՝ Ռուսաստանի հետ վերամիավորումը Պուտինը պատմական պահ է անվանել։ Ղրիմը անքակտելիորեն կապված է Ռուսաստանի հետ։

Հենց Ղրիմում՝ հնագույն Խերսոնեսում է մկրտվել իշխան Վլադիմիրը, որը հետագայում մկրտեց ամբողջ Ռուսիան, այդ իսկ պատճառով էլ այնտեղ են «բազմադեմ, բայց միասնական ռուս ազգի և ռուսական պետության ձևավորման հոգևոր ակունքները»։

Ուկրաինայի մասին

Ռուսաստանի նախագահն ուկրաինացիներին անվանել է եղբայր։

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի զարգացման սեփական ուղի, դաշնակիցներ, հասարակության քաղաքական կազմակերպման, տնտեսության կառուցման և իր անվտանգության ապահովման ձևերն ընտրելու անքակտելի, սուվերեն իրավունք։ Ռուսաստանը դրան միշտ վերաբերվում է և կվերաբերվի հարգանքով։ Դա լիովին վերաբերում է նաև Ուկրաինային, ուկրաինացի եղբայրական ժողովրդին։

Պուտինը կեղծավոր է անվանել մարդու իրավունքների մասին խոսակցությունները, որոնք քողարկում են հեղաշրջումը Ուկրաինայում։

Մեկնաբանել