Ընդլայնվում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունը

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զորավարժությունները: Հոկտեմբերի 13-19, 2014: Լուսանկարը` Ֆոտոլուրի: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զորավարժությունները: Հոկտեմբերի 13-19, 2014: Լուսանկարը` Ֆոտոլուրի:

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 4-ի նիստում հաստատել է 2013թ. հունիսի 25-ին ստորագրված «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ` պայմանագիրը ներառում է սպառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանք, ծառայություն, մտավոր գործունեության արդյունք և ռազմատեխնիկական ոլորտի տեղեկատվություն մատակարարելու կարգը:

Գործադիրի հիմնավորմամբ` Հայաստանը ռազմական և ռազմատեխնիկական ակտիվ համագործակցություն է իրականացնում Ռուսաստանի հետ, և այս որոշումը կնպաստի վերոնշյալ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման մեխանիզմների և մոտեցումների մշակմանը:

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է:

Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:

2011-ի ապրիլին Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկրարացնելու որոշումը: