«Ադրբեջանը ձևացնում է, թե միջազգային հանրությունը կիսում է իր մոտեցումները և թե պատրաստ է գնալ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակմանը՝ մինչդեռ Բաքուն համաձայնություն չի տալիս ղարաբաղան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներին». այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում դեկտեմբերի 4-ին` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին:
«Իրականում, Ադրբեջանը շարունակաբար մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բոլոր առաջարկները: Բաքուն մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների բոլոր, այդ թվում` վերջին տարբերակները, որոնք ներկայացվել էին Կազանի (2011թ. հունիս), Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2010թ. հոկտեմբեր) և Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) գագաթաժողովներին»,- ասել է Նալբանդյանը` հավելելով, որ Բաքուն մերժում է ոչ միայն հիմնարար սկզբունքները, այլև համանախագահների կողմից առաջարկված վստահության կառուցման միջոցները:
Արձագանքելով միջազգային հանրության կոչերին, որոնց համաձայն` Բաքուն պետք է դադարեցնի ռասիզմի և անհանդուրժողականության դրսևորումները, Ադրբեջանը փորձում է պարտադրել մյուսներին մարդու իրավունքների վերաբերյալ սեփական խեղաթյուրված ընկալումը, կազմակերպում է շինծու համաժողովներ` նվիրված ենթադրյալ հանդուրժողականությանը և ազատություններին:
«Ունենալով կոռուպցիայի հարուստ ներքին փորձ՝ Բաքուն փորձում է տեղափոխել այն միջպետական հարաբերությունների հարթակ»,- ասել է Նալբանդյանը:
Անդրադառնալով Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության 20-ամյակին` Նալբանդյանը հիշեցրել է, որ չնայած միջազգային հանրության կոչերին` Ադրբեջանն արել է հնարավորը` հրադադարը խաթարելու համար։
Արտգործնախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական սահմանը սխալմամբ հատած հայ գյուղացու ձերբակալությունը, տեսախցիկների առջև նվաստացումը և սպանությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 4-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում իրենց մտահոգությունն էին հայտնում անցնող տարվա ընթացքում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության աճի առնչությամբ: Նրանք նշել էին նաև, որ ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի կործանումը ողբերգություն էր, որը կարելի էր կանխել: