Նյու Յորքում կրկին ցույցեր են

protest_garner_new_yorkՆյու Յորքում երկրորդ գիշերն է՝ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել ցույցի։ Պատճառը ատենակալների դատարանի որոշումն է՝ գործ չհարուցել սպիտակամորթ ոստիկան Դենիել Պանտալեոյի նկատմամբ, որը սևամորթ Էրիկ Գառներին ձերբակալելու ժամանակ սեղմել էր նրա պարանոցը, որի հետևանքով վերջինս մահացել էր։

Ցուցարարները խաթարել են երթևեկությունը Բրուքլինյան կամրջի վրա։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում։

«Ես չեմ կարողանում շնչել»՝ գրված է եղել պաստառներին․ սա Գառների վերջին խոսքերն են։ 43-ամյա տղամարդը տառապում էր աստմայով։ Դեպքը տեղի էր ունեցել Նյու Յորքում հուլիսի 17-ին, երբ ոստիկանը, կասկածելով Գառներին ծխախոտի անօրինական վաճառքի մեջ փորձել էր ձերբակալել նրան։ Միջադեպի տեսագրությունում բազմիցս լսվում է, որ Գառները կրկնում է՝ «Ես չեմ կարողանում շնչել»։

ԱՄՆ քաղաքներում բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել նաև անցյալ շաբաթ։ Դրանք սկսվել էին Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքից։ Այդ ժամանակ էլ բողոքի պատճառ էր դարձել Երդվյալ ատենակալների դատարանի որոշումը, ըստ որի՝ մեղադրանք չէր առաջադրվել ոստիկանին, որն այս տարվա օգոստոսի 9-ին մահացու վիրավորել էր 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին։

Մեկնաբանել